Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հունվարի 16-ին կազմակերպեցին ԵՄ-Հայաստան ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողություն: Աջակցության նոր փաթեթը նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Նոր գործիքներով նախատեսվում է 77.5 մլն եվրոյի (44 մլրդ դրամ) հատկացում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից, ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության որոշ հիմնական ոլորտներում. գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում՝ ԵՄ ծրագրերի իրագործման համար կարողությունների զարգացման միջոցով, աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային ավտանգությանը:
Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: Ներկա էին կառավարության շահառու մարմինների, ԵՄ անդամ պետությունների և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոսքում նշեց, որ Եվրոպական միության կողմից տրվող աջակցությունը հնարավոր դարձրեց բարեփոխումների իրականացումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտրի հետ կապված կանոնակարգերը, սննդի անվտանգությունը, մտավոր սեփականության իրավունքը, արդարադատությունը, մասնագիտական կրթությունը, պետական ֆինանսների կառավարումը: Նա վստահություն հայտնեց, որ ստորագրված համաձայնագրերի իրագործումը կխթանի բարեփոխումները համապատասխան ոլորտներում, ինչպես նաև կամրապնդի ոլորտային համագործակցությունը ԵՄ-ի հետ:
«Եվրոպական միությունը ակնկալում է, որ այս զգալի աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների առաջիկա տարիների ընթացքում: Խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո բարձր մակարդակի հանձնառությունը և ներքին ամուր աջակցությունը անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար», - նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը: Նա հավելեց, որ «Արևելյան գործընկերության շրջակներում Հայաստ անը մեկ շնչի հաշվարկով ԵՄ միջոցների երկրորդ խոշոր շահառուն է»:
Երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը: Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը: Ի հավելումն, տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր համագործ ակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
Կառավարման ոլորտում, ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո): ԵՄ-ն նաև կաջակցի սահմանների կառավարմանը և միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև Շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակներում:
Մեկ այլ համաձայնագով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6մլն եվրո) և կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ համագործակցության խթանման և բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարևոր գործընկեր:
Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագրեր նույնպես համաձայնեցվել են՝ ուղղված Երևանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության և անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5.5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:
Ի վերջո, ԵՄ-ն կաջակցի միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման միջոցով (1մլն եվրո):
Աջակցության այս նոր փաթեթը վերահաստատում է Հայաստանի և ԵՄ-ի հանձնառությունը՝ երկկողմ համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ: