«Մեծ հաշվով որևէ լուրջ բան ես չեմ տեսնում, ինչպես և սպասվում էր, լուրջ պրոցեսներ տեղի չեն ունենում»,- պատասխանելով galatv.am-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում մեկնարկած նախընտրական քարոզարշավը, նշել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Վերջինիս գնահատմամբ՝ քարոզչություն ներկայումս իրականացնում են այն թեկնածուները, ովքեր ունեն ռեսուրսներ: «Այդպիսի ռեսուրսներ այսօր ունի գործող նախագահը, համեմատաբար քիչ ունեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը: Մյուսները ցանկության դեպքում էլ չէին կարող մասնակցել լուրջ պրոցեսների՝ համապատասխան ռեսուրսների բացակայության պատճառով»,- նշել է քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանը անդրադարձել է նաև ԲՀԿ առանձին գործիչների այն հայտարարություններին, թե սատարելու են ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Քանի որ քաղաքական դաշտում այնպիսի գործընթացներ գնացին, որտեղ դե ֆակտո հիմնական ուժերը, նկատի ունեմ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և Դաշնակցությունը, հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին, ապա կարելի է ասել, որ այդ ուժերի շարքային անդամներն ընկան բավականին ոչ լիարժեք իրավիճակի մեջ: Նրանք՝ որպես քաղաքացիներ, կուզենան ընտրություններին մասնակցել, և քանի որ նրանց ղեկավարները համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել, բնականաբար շարքային անդամները, ըստ էության, իրենց որոշումներով են հանդես գալիս, դա անում են՝ իրենց սեփական շահերը վեր դասելով»,-նշել է Երվանդ Բոզոյանը:

Քաղաքագետի խոսքերով՝ բազմաթիվ ՀԱԿ անդամներ կքվեարկեն Հրանտ Բագրատյանի օգտին, ՀՅԴ անդամները՝ Ժառանգության: Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ԲՀԿ ներկայացուցիչներից շատերն էլ իրենց ձայնը կտան Սերժ Սարգսյանին: «Քանի որ ԲՀԿ անդամները շատ են, և հատկապես այն շրջանակները, ովքեր որ ՏԻՄ համակարգի ներկայացուցիչներ են, գիտենք, որ տեղական ինքնակառավարման մարմինը մեծ մասամբ կախված է կենտրոնական իշխանությունից, բացի այդ մենք գիտենք, որ ՀՀ-ում ՏԻՄ համակարգ իրականում գոյություն չունի, և այդ առումով նրանց կախվածությունը մեծ է իշխանությունից, և հետևաբար՝ ՏԻՄ համակարգում գործող ԲՀԿ գործիչները, ըստ էության, փորձում են իրենց տեղական ինստիտուտների հաջողությունը կապել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի, այսպես ասենք, լավ հարաբերություններ ունենան կենտրոնական իշխանության հետ»,- մեզ հետ զրույցում նշել է քաղաքագետը: Վերջինիս գնահատմամբ՝ ԲՀԿ-ականները ևս լավ գիտեն, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, հետևաբար չեն ցանկանում իրենց հարաբերությունները սրել կամ փչացնել ՀՀԿ ղեկավարի հետ:

Փայլակ Ֆահրադյան