Եվրոպայի խորհրդարանի նախագահի օգնական Ալեքսանդր Լամբսդորֆը հայտարարել է, որ Թուրքիայի' Եվրամիությանն անդամակցության բանակցությունները պետք է առկախվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը, նա ասել է, որ Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ իշխող «Արդարությո ւն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության հետ ԵՄ անդամակցության բանակցությունները շարունակելու իմաստ այլեւս չկա:
«Թուրքիայում մամուլի ազատությունը վտանգված է: Բազմաթիվ լրագրողներ կառավարությանը քննադատելու համար կամ կալնավել, կամ էլ կորցրել են աշխատանքը: Բոլոր ժողովրդավարները համակարծիք են, որ ԵՄ հետ անդամակցության բանակցություններ անցկացնող երկրում նման իրավիճակն անընդունելի է: Եթե Էրդողանը սա չի հասկանում, նրա կառավարության հետ բանակցությունները շարունակելն անիմաստ է: Բանակցությունները պետք է առկախվեն», -ասել է նա:
Ալեքսանդր Լամբսդորֆը հայտարարել է, որ միայն մամուլի ազատությունը չէ խնդիրը. ԱԶԿ կառավարության պատճառով' որպես իրավական պետություն վտանգված է Թուրքիան' ինքը: «ԵՄ անդամակցության հիմնարար պայմաններից է բաց եւ ժողովրդավարական երկիր լինելը:
Թուրքիան զուրկ է այդ ցուցանիշներից: Վերջին օրերին անգամ Թուրքիայում շարունակվում են կեղծ մեղադրանքներով ընդդիմադիր, ժողովրդավար հայացքներով մարդկանց ձերբակալությունները: Թուրքիայում միայն մամուլի ազատությունը չէ, վտանգված է նաեւ նրա իրավական պետություն հանդիսանալը», - ասել է Եվրախորհրդարան ի պաշտոնյան: