Անկարայում ոստիկանությունը ցրել է Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ Անկարայում նրա հիշատակին նվիրված քայլերթը: Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր է կիրառել քայլերթի մասնակիցների դեմ եւ 20 մարդ ձերբակալել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ռադիկալ» թերթը:
Քայլերթի մասնակիցները հավաքվել են Սաքարյա հրապարակում: Որոշ ժամանակ հետո նրանք ցանկացել են երթով գնալ դեպի արդարադատության նախարարություն: Շենքի մոտ չհասած' ոստիկանությունն արգելել է երթը: Մասնակիցները պնդել են, որ ցանկանում են հայտարարություն տարածել եւ սեւ ծաղկեպսակ դնել արդարադատության շենքի մոտ: Սակայն, ոստիկանությունը բռնությամբ ցրել է երթը: Միջադեպի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է երթի 20 մասնակցի: Ոստիկանները կոտրել են քաղաքացիների դեմ բռնության եւ ձերբակալության տեսարանները նկարահանող թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության թղթակցի տեսախցիկը:
Անկարայի համալսարանի մեծ թվով ուսանողներ փորձել են համալսարանի շենքի առջեւ հիշատակել Հրանտ Դինքին: Այդ միջոցառմանը դեմ ազգայնականները պայթուցիկներ են նետել ուսանողների վրա: Ուսանողներին հաջողվել է սեփական ուժերով ազգայնականներին քշել համալսարանի մոտից: Այդ միջադեպին մոտիկից հետեւող ոստիկանությունը որեւէ կերպ չի միջամտել:
Հրանտ Դինքի ծննդավայր Մալաթիայում նրա հիշատակին կազմակերպված արարողությանն անհայտ անձը զենք է հանել հավաքվածների վրա: Քայլերթն ուղեկցող ոստիկանները չեզոքացրել են նրան' ձեռքից վերցնելով զենքը: Ձերբակալված անձն անմիջապես հեռացվել է դեպքի վայրից:
Հրանտ Դինքի հիշատակին նվիրված բազմամարդ միջոցառումներ են անցկացվել նաեւ Ստամբուլում, Ադանայում, Շըրնաքում, Այնթապում եւ Թուրքիայի այլ քաղաքներում: Միջոցառումների մասնակիցներն ընդգծել են, որ Դինքի իրական մարդասպանները ոչ միայն չեն պատժվել, այլեւ պարգեւատրվել են: Նրանք ձեռքներին բռնել են «Մարդասպան պետությունը պատասխան է տալու», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» բովանադակությամբ պաստառներ: