Ռուսաստանը վստահ է, որ Հայաստանի հետ համատեղ հետաքննության արդյունքում Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեղավորը կկրի իր արժանի պատիժը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այդ մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազ րույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

«ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խորին ցավակցություննեերն է հայտնել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Համոզմունք է հայտնվել, որ Գյումրու ողբերգության համատեղ հետաքննության և դրան հաջորդող դատական վարույթի արդյունքում այդ ոճրագործության մեղավորը կկրի արժանի պատիժ»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

 

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ դատական գործընթացը տեղի կունենա Հայաստանում և հրապարակային կերպով այն կդառնա երկու կողմերի' արդարության և արդարադատության ձգտման ապացույցը: