Վատիկանի Սրբերի միաբանությունը ցանկանում է եկեղեցական դոկտորի կոչում շնորհել հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկանցուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է infocatolica.com-ը: Կայքը գրում է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է գրողների ընտանիքում մոտ 950 թվականին Հայաստանի փոքրիկ գյուղում, որը կոչվում էր Նարեկ: Նա մորը կորցնում է վաղ հասակում, հայրը' Խոսրովը, հետագայում դառնում է արքեպիսկոպոս:

 

Նարեկացին մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

 

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

 

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։

 

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։