Երևանում, Բայրոնի 1 հասեցեում' ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի մոտ հունվարի 22-ին տեղի ունեցավ Եվրոպայի մեծագույն գրողներից մեկի' անգլիացի բանաստեղծ, մեծ հայագետ և հայ ազգի մեծ բարեկամ լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման հանդիսավոր արարող ությունը:
Հիմնադրման օրվանից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ակտիվ մասնակցություն ունի մեր երկրի մշակութային կյանքում և մշտապես աջակցում է տարատեսակ մշակութային ծրագրերի իրականացմանը: Հավատարիմ մնալով ավանդույթներին' իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում բանկը քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ ձեռնամուխ եղավ ևս մեկ մշակութային ծրագրի իրագործմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների սերտացումը և անգլիացի մեծ բանաստեղծի ավանդը հայագիտության մեջ' ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ որոշեց լրացնել նման մեծ գործչի հուշարձանի բացակայությունը: Թեև մեծ գրողի կիսանդրին արդեն մի քանի ամիս է' ինչ պատրաստ է և տեղադրված է Բայրոնի 1 հասցեում, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի պատին, դրա բացման հանդիսավոր արարողությունը ծրագրված էր Լորդ-Ջորջ Գորդոն Բայրոնի ծծնդյան տարեդարձի օրը' հունվարի 22- ին:
«Միգուցե սա միքիչ ուշացած, բայց երկար սպասված միջոցառում էր: Ինչպես գիտեք' մեր բանկը գտնվում է Բայրոնի փողոցի վրա, բայց Բայրոնի որևիցե հուշարձան կամ հուշաքար չկար այս փողոցի վրա, և մենք որոշեցինք, որ այդ բացթողումը պետք է լրացնել»,- նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Հատկանշական է, որ Բայրոնի կիսանդրու բացման կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն էր հղել մեծ գրողի ծոռը' լորդ Ռոբին Բայրոնը. «Անտարակույս, մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, որ Երևանում կենտրոնում' Բայրոնի փողոցում տեղադրվում է լորդ Բայրոնի կիսանդրին:
Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988 թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվամբ: Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին, երևի, իմ հաջորդ այցելության ժամանակ»: Ռոբին Բայրոնի ուղերձը ներկայացվեց միջոցառման պատվավոր հյուրերից մեկի' Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանի կողմից: