ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը:

 

Կոլեգիայի նիստում, որը նվիրված է եղել 2014թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով:

 

Որպես զինված ուժերի 2014թ. գործունեության և հաջողությունների հիմնական շարժիչ ուժ' ՀՀ նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասերի անձնակազմերին և նշել, որ նրանց բարեխիղճ ծառայության և մասնագիտական բարձր պատրաստության շնորհիվ է, որ հասարակությունն իրեն պաշտպանված է զգում, առաջին հերթին նրանց շնորհիվ է, որ ապահովված է հայ ժողովրդի անվտանգությունը և իհարկե այն, որ Հայաստանի ղեկավարությունը բանակցություններում իրեն վստահ է զգում:

 

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ ԶՈւ ղեկավարության ջանքերն ուղղված են լինելու ՀՀ և ԼՂՀ ժողովուրդների անվտանգության համար ներքին ու արտաքին երաշխիքների ապահովմանը: Ընդգծվել է, որ զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները մարտունակ են, ունակ են բերվելու մարտական պատրաստականության բարձր աստիճանի և կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:

 

Նիստի ընթացքում զինված ուժերի մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակի, մարտական հերթապահության, օպերատիվ շտաբների պատրաստության, մարտական ուսուցման, հրամանատարական կազմի ինքնապատրաստման, զինված ուժերում կարգապահության ամրապնդմանն ուղվված 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներով հանդես են եկել ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Դավթյանը, ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանը և ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տ. Խաչատրյանը:

 

Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը շարունակվել է մի շարք գերատեսչությունների ղեկավարների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

 

Նիստի բարձաստիճան հրավիրյալների թվում էին ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Արմեն Հարությունյանը:

 

Բանակի օրվա առթիվ շնորհավորելով այն մարդկանց, ովքեր կանգնած են եղել զինված ուժերի կազմավորման ակունքներում, և նրանց, ում կյանքի ու ջանքերի շնորհիվ այսօր մեր ժողովուրդն ապրում ու արարում է հարաբերական խաղաղության պայմաններում նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հավատարիմ մնալով իր կոչմանը, հայկական զինուժը 2014թ. պատվով է կատարել իր գլխավոր խնդիրը, այն է' Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության ապահովումը արտաքին ոտնձգություններից:

 

Այս համատեքստում կարևորելով ու բարձր գնահատելով նաև գերատեսչական այլ կառույցների հետ համագործակցությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ևս այդ կապը շարունակական դրական զարգացում կունենա՝ իր անմիջական ազդեցությունը թողնելով զինված ուժերի մարտունակության բարձրացման վրա:

 

Այնուհետև ելույթներով ու շնորհավորական խոսքերով հանդես են եկել նիստի բարձրաստիճան հրավիրյալները: Շնորհավորելով բանակի օրվա առթիվ' ներկաները իրենց երախտիքի խոսքն են հայտնել նրանց, ովքեր կանգնած են եղել բանակաշինության ակունքներում, ինչպես նաև նրանց, ովքեր այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու զինված ուժերի կատարելագորմանը միտված իրենց գործունեությունը:

 

Հանդիսավոր նիստն ուղեկցվել է պարգևատրման արարողությամբ: Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ բանակի կայացման և մարտունակության բարձրացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մի շարք սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ ՀՀ ԱԱԾ, ոստիկանության, արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման, արդարադատության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության ղեկավար կազմի կողմից արժանացել են մեդալների և հուշանվերների:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք զինծառայողներ էլ խրախուսվել են պետական ու գերատեսչական պարգևներով, նվերներով: 2014թ. ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամիավորումների, միավորումների, ստորաբաժանումների հրամանատարական կազմերին էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնել է պատվո դրոշներ: