Շիրակի մարզպետարանում հունվարի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մազի ստորաբաժանումներն ամփոփել են 2014 թվականին արձանագրված դեպքերը: Տարեկան հաշվետվությամբ են հանդես եկել Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների պատասխանատուները:

 

Նրանք ներկայացրել են անցյալ տարի տեղի ունեցած արտակարգ դեպքերն ու պատահարները  դրանց հետևանքով առաջացած նյութական վնասների չափերն ու զոհերի թիվը: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ՏԱԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը և ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզի համայնքապետերը:

 

2014 թվականին 2013-ի համեմատ Շիրակի մարզում 18-ով նվազել է արտակագ դեպքերի թիվը, սակայն զոհերի թիվն աճել է 16-ով, աճել է նաեւ վիրավորները թիվը: Պատճառն, ըստ ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանի, մարզում ՃՏՊ-ների թվի եւ դրանց հետեւանքով նաեւ զոերի ու վիրավորների թվի աճն է: Ի դեպ, խոսելով ճանապարհատրանսպորտային պատահարների եւ արտակարգ դեպքերի մասին, Մարատ Սարիբեկյանը նշեց, որ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած պատահարից հետո ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ տարածքում տեղադրվել է արագաչափ:

 

Ընդանուր առմամբ, մարզում 2014 թվականին արձանագրվել է 543 արտակարգ պատահար: Մարզում անցած տարի որոշակի աշխատանքներ իրականացվել են նաեւ հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինման, կառույցների նորոգման եւ մասնագիտական կադրերի համալրման ուղղությամբ, սակայն դեռ բացեր կան:

 

Փրկարարական վարչության պետը նախարարության ներկայացուցիչներին ներկայացրեց առաջարկությունների փաթեթ, որը բավական բազմաբովանդակ էր՝ Գյումրիում եւս մեկ հրշեջ-փրկարարական ջոկատի ստեղծումից մինչեւ տեխնիկական հագեցվածություն եւ այլ խնդիրներ:

 

Մարզի տարածքում անցյալ տարի 35-ով ավելացել է նաեւ հրդեհներին թիվը: Այս մասին տեղեկացրեց ՇՄ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սամվել Խաչատրյանը: Մարզում արձանագրված հրդեհի 203 դեպքի պատճառով նյութական վնասի չափը կազմելէ մոտ 87 մլն դրամ:

 

Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ ՏԿԱԻՆ սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության և հիդրոօդերեւութաբանական ծառայությունների աշխատանքներին:

 

Արմենուհի Մխոյան