Գերմանիան մտադիր չէ դառնալ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Լրագրողների հետ հունվարի 27-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Գերմանիան ի սկզբանե հանդիսացել է Մինսկի խմբի անդամ երկիր, սակայն չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ի տարբերություն Ֆրանսիայի, և պետք է նշել, որ Ֆրանսիան այդ ձևաչափում պաշտպանում է նաև Եվրամիության շահերը, այսինքն' Արևմուտքի դիրքորոշումը Արցախի հարցում, այնպես որ, եթե Գերմանիան դառնա համանախագահող երկիր, Եվրոպայի կարծիքն այս հարցում չի փոխվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նա:

 

Նա հավելեց, որ Ռուսաստանի հետ Արևմուտքի հարաբերությունների սրման պարագայում Գերմանիան իր վրա է վերցնում եվրոպական երկրների առաջատարի դերը, և այդ է պատճառը, որ Արցախի հարցում նրանք ավելի վստահ են արտահայտում իրենց կարծիքը: «Ես Անգելա Մերկելի հայատարարության մեջ չտեսա համանախագահող երկիր դառնալու ցանկությունը, բացի այդ' Ադրբեջանն անընդհատ փորձում է փոխել բանակցային ձևաչափը' դրանով իսկ վտանգի տակ դնելով Մինսկի խմբի գործունեությունը, սակայն նրանց ջանքերը ապարդյուն են անցնում»,-ընդգծեց Մինասյանը:

 

Ըստ Գերմանիայի կանցլերատի պաշտոնական կայքում տեղադրված տեսագրության' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ասուլիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներածական խոսքում ղարաբաղյան հիմնխանդրի մասով բառացիորեն ասել է հետևյալը. «Գերմանիան ցանկանում է այդ հակամարտության լուծման մեջ օգտակար լինել։ Մենք խոսեցինք նաև, որ հնարավորության դեպքում Եվրամիությունը ևս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ'Ադրբեջանն այդ առնչությամբ Եվրոպական հանձնաժողովի հետ կխոսի»։

 

Լրագրողների հետ հարցուպատասխանի ժանամակ Մերկելը հնչեցրել է հետևյալ ձևակերպումները. «Մենք ԵԱՀԿ ՄԽ անդամ ենք, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Եվ մենք աջակցում ենք բանակցային լուծմանը: Տեսնում ենք, որ Ալիևը բազմիցս հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջը և ցուցաբերել է պատրաստակամություն բանակցությունների նկատմամբ: Այս կոնֆլիկտին միայն խաղաղ լուծում պետք է լինի: Մենք անհանգստացած ենք հրադադարի խախտումներով և ,բնականաբար, դրանք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու:

 

Զգուշությամբ պետ ք է նշեմ, որ Ռուսաստանը վճռական դեր է խաղում: Միգուցե Ռուսաստանն ու Հայաստանը միանման են մտածում: Ուստի կարող եք եզրակացնել, որ տարբեր ստանդարտներ չենք կիրառում»: