Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ Է արել լայնածավալ միջազգային ռազմական գործողություն սկսել «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: Նրա խոսքով՝ միջազգային հանրակցությունը պարտավոր Է օպերատիվ կերպով ուժով հակազդել այն սպառնալիքին, որն իրենից ներկայացնում Է այդ ահաբեկչական կազմակերպությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի միջոցառումների մասնակիցների հետ հանդիպմանը՝ չեխական պետության ղեկավարն ընդգծել Է, որ գործողությունը պետք Է անցկացվի ՄԱԿ-ի հովանու ներքո:
«Անհրաժեշտ Է, որ դրան մասնակցեն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ բոլոր պետությունների ստորաբաժանումները»,-ասել Է Զեմանը:
Նախագահը ԻՊ-ից բխող սպառնալիքը համեմատել Է այն վտանգի հետ, որը մարդկության համար ներկայացնում Էր Երրորդ ռայխը: Ինչպես հայտարարել Է Զեմանը, ԻՊ-ն ձգտում Է նվաճել Եվրոպայի տարածքի կեսը, իսկ «նմանօրինակ պլաններ ուներ Ադոլֆ Հիտլերը, եւ դրանք գործնականում իրականացան»:
Նախագահը կարծում Է, որ «իսլամիստ ծայրահեղականները կարող են հրահրել ողբերգություն, որում կզոհվեն հարյուր միլիոնավոր քաղաքացիներ»: Նա հավելել Է, որ այդ դեպքում մարդկությանն սպառնում Է «գերհոլոքոստ»:
ԿԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Զեմանը դատապարտել Է միջազգային հանրակցության անվճռականությունը, որը, նրա խոսքով, ձեռնպահ Է մնում ԻՊ-ի դեմ ուժի կիրառումից: Նա նշել Է, որ արմատականների ճամբարներում գրոհայիններ են պատրաստվում ամբողջ աշխարհում լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Ինչպես կարծում Է Չեխիայի ղեկավարը, ԻՊ-ի դեմ գործողությունը կարող Է իրականացվել ժամանակակից ռազմական տեխնիկայի օգտագործմամբ, ներառյալ անօդաչու թռչող ապարատները եւ ռոբոտացված մյուս մեքենաները, որոնք մարտական գործողություններին մարդու անմիջական մասնակցություն չեն պահանջում: