Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բուլղարացի լրագրող, ռեժիսոր Ցվետլանա Պասկալևային պարգևատրեց Երախտագիտության մեդալով: ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում Պասկալևան, դիմելով ներկաներին, ընդգծեց, որ նա արարողությանը ներկա բոլոր զինվորականների հետ միասին նույն ճանապարհն են անցել, որը լի է եղել կորուստներով և տառապանքով, սակայն, վերջնական արդյունքում, այն պսակվել է հաղթանակով:

 

«Հիմա մենք ընդհանուր հիշողություն և ընդհանուր պատասխանատվություն ունենք: Մենք հիշում ենք արված մեծ գործը, մեր կորցրած ընկերներին, ում առջև մենք միշտ խոնարհում ենք մեր գլուխները, իսկ պատասխանատու ենք մեզ հասածի համար: Մենք այս հաղթանակին հասել ենք մեծ հայորդիների արյան և հայ մայրերի արցունքների գնով: Այն մերն է: Եվ հիմա այստեղ՝ Հայաստանում, Ղարաբաղում մենք պատասխանատու ենք այդ հաղթանակի արդյունքը պահպանելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պասկալևան:

 

Դիմելով հայ զինվորներին՝ նա կոչ արեց լինել խիզախ և ազնիվ: «Պաշտպանեք ձեզ վստահված սահմանները հանուն ձեր հայրենիքի, հանուն ձեր ծնողների: Կորուստներն իսկապես շատ են, սակայն այսօրվա զինվորները ընդհանուր հաղթանակի մի մասնիկն են: Սիրելի զինվորներ, համարեք, որ պատերազմի ընթացքում ընկած բոլոր տղաների ստվերները ձեզ հետ են, մեզ հետ են: Նրանք միշտ կլինեն մեզ հետ: Նրանք մեզ ուժ են տալու, որպեսզի մենք կարողանանք մինչև վերջ կանգուն մնալ, որպեսզի կարողանանք հասնել հավերժ հանդարտության և խաղաղության ղարաբաղյան հողում: Ես համոզված եմ, որ մենք դրան հասնելու ենք: Դա լինելու է շուտով: Մենք պետք է հավատանք և քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ: Թող հայ ժողովուրդը լինի ուժեղ և խիզախ, թող ծաղկի հայկական հասարակությունը և պետությունը: Ես միշտ լինելու եմ ձեզ հետ: Ես այսօր շնորհակալ եմ ձեզ ձեր հոգատարության համար: Այն ինձ ուժ է տալու ձեզ հետ ձեր վիշտը և ուրախությունը կիսելու համար»,- ընդգծեց Պասկալևան:

 

Ցվետլանա Պասկալևան դիմեց նաև բոլոր զոհված զինծառայողների ծնողներին: «Սիրելի ծնողներ, ներեցեք, որ մենք կորցրեցինք ձեր զավակներին: Սակայն նրանք միշտ կմնան փառավոր հերոսների շարքերում նրանք մեր հերոսներն են»,- եզրափակեց նա: