Այսօր 2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխած և անձնվիրաբար զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանի ծննդյան օրն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել էին հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել էր առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ էր ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել էր ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը: