Բանկերի միաձուլման գործընթացը Հայաստանում պետք է ընթանար բնականոն կերպով, սակայն Կենտրոնական բանկի որոշումը արագացրեց այդ գործընթացը։

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փոձագետ տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ մեկնաբանելով ԿԲ որոշումը, համաձայն որի բանկերի սեփական կապիտալի նվազագույն չափը սահմանվել է 30 մլրդ դրամ։ Խուրշուդյանի համոզմամբ՝ բանկերի խոշորացումով հնարավոր չէ նվազեցնել ռիսկերը կամ ելքեր գտնել ճգնաժամային իրավիճակում։

 

«2008 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած ֆինանսատնտեսական ճգնաժամ ժամանակ պետության մեծ բանկերը հայտնվեցին բարդ իրավիճակում, իսկ փոքրերը հեշտորեն հաղթահարեցին ֆինանսական խնդիրները։ Ճգնաժամը բանկերի չափից չի կախված, և ստիպելով, որ բանկերը խոշորանան՝ Կենտրոնական բանկը կարող է հետագա ֆինանսական ճգնաժամի դեպքում ռիսկի տակ դնել համակարգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց տնտեսագետը։

 

Աշոտ Խուրշուդյանը հավելեց, որ կապիտալի ավելացումը՝ որպես համակարգի հիվանդության ախտորոշում դիտելը սխալ է, քանի որ բանկային համակարգն ունի ավելի առաջնային հարցեր։ «Այսպես թե այնպես կապիտալը բավական բարձր էր, և այդտեղ ռիսկը մեծ չէր։ Առավել առաջնային է ակտիվներ-կապիտալ հարաբերակցության խնդիրն ու ֆինանսավորման արդյունավետությունը»,- ընդգծեց նա։

 

Աշոտ Խուրշուդյանն այն կարծիքին է, որ Կենտրոնական բանկի որոշման արդյունքում որոշ բանկեր կմիաձուլվեն, իսկ որոշներն էլ, որոնք ունեն կապիտալն ավելացնելու հնարավորություն, կգնան այդ ճանապարհով, որի արդյունքում Հայաստանում կկրճատվի բանկերի թիվը: Նա չցանկացավ նշել այն բանկերը, որոնք կարող են միաձուլվել կապիտալն ավելացնելու հնարավորություն չունենալու հետևանքով:

 

Տնտեսական գիտությունների դոկտոր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ առանձնացրեց այն խնդիրները, որոնք, ըստ նրա դիտարկման, ավելի կարևոր են ֆինասական համակարգի կայունության տեսանկյունից։ «Ինձ համար երկու մտահոգություն կա՝ նախ, թե ինչպես են կառավարվում ռիսկերը և երկրորդ, որն ավելի վտահոգիչ է, թե բանկերը որքանով են ծառայում իրական տնտեսությանն ու դրա զարգացմանը։

 

Եթե բանկի գործառույթը ի սկզբանե այն է, որ ծառայի տնտեսությանը, և դա չի կատարվում, ապա անիմաստ են դառնում բանկերի, որպես ֆինանսական միջնորդի, գործառույթները»,- ասաց Մանասերյանը։ Տնտեսագետի համոզմամբ՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանի գլխավոր դրամատան որոշման հիմնական ազդեցությունը պետք է լինի ֆինանսական համակարգի կայունությունն ու կառավարելիությունը, սակայն դրա իրագործումը կախված չէ միայն ԿԲ որոշումից։ «Այստեղ անպայման պետք է նայենք ամբողջ տնտեսությանը:

 

Մենք պետք է նախ ունենանք հստակ տվյալներ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի վերաբերյալ, որովհետև, եթե մենք այստեղ վերահսկելի իրավիճակ չունենք, և եթե վերավաճառողները փորձեն գն աճ առաջացնել, ապա այս դեպքում Կենտրոնական բանկն առանց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, առանց մյուս պետական կառույցների աջակցության չի կարողանա գների կայուն մակարդակ ապահովել: Նույնը վերաբերում է ֆինանսական կայունությանն ընդհանուր առմամբ»,- ընդգծեց տնտեսագետը:

 

Հայաստանի կենտրոնական բանկը 2014 թ. դեկտեմբերի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի մեկից սահմանվում է 30 մլրդ դրամ՝ նախկին 5 մլրդ դրամի փոխարեն։ Հիեցնենք, որ ներկայումս միայն 5 բանկի կապիտալն է գերազանցում սահմանաչափը, իսկ մյուսները պետք է լրացնեն իրենց կապիտալը երկու տարվա ընթացքում: