Արտաշես Եղիազարյանի ընտանիքը վեց տարի առաջ հարմար գնով գնեց Շինարարների, 35 հասցեով առաջին հարկում գտնվող երկսենյականոց բնակարանը: Բնակարանի նախորդ սեփականատիրոջ փաստաթղթերը կարգին էին, տունն էլ ծայրահեղ անմխիթար վիճակում էր, ինչի պատճառով նոր սեփականատերերը չէին նկատել մի շատ կարևոր փաստ:
Այն ակնառու դարձավ, երբ բնակարանի հիմնովին նորոգու մից հետո, շենքի անկյունային հատվածում գտնվող ննջասենյակի երկու պատերի վրա սկսեցին առաջանալ եռանկյունի կազմող ճեղքեր: Պարզվեց, որ շենքն արդեն երկար տարիներ համարվում է վթարային:
«Ճեղքերը գնալով մեծանում են, և այդ սենյակում նույնիսկ վառված մոմը շուտ հանգչում է՝ պատերի բացվացքներից փչող միջանցիկ քամու պատճառով: Արդեն քանի տարի քննար կվում էր շենքի քանդման հարցը, սակայն ինչ իմաստ կա քննարկել, եթե սեյսմիկ կայանը տվել էր իր եզրակացությունն առ այն, որ շենքը վտանգավոր է բնակեցման համար:» - ասաց Արտաշես Եղիազարյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևան քաղաքում հաշվառված է քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային 9 շենք, որոնցից 4-ը հանրակացարանային են և 5-ը' բազմաբնակարան:
Վթարային շենքի առավել վնասված բնակարանների համարյա բոլոր բնակիչները, տարիներ շարունակ սպասելով վերաբնակեցմանը և հուսահատությունից դրդված, հնարավորությունների չափով շարունակաբար կոսմետիկ վերանորոգումներ են կատարում իրենց տներում: Սակայն ժամանակակից պատուհանների շրջանակները, ուղիղ ամրացված վարագույրի քիվը ծռվում են դեֆորմացվող պատի հետ:
Մինչ այդ շենքի մուտքում ոչինչ չի խոսում շենքի հատվածի մոտակա քանդման ու վթարայնության մասին՝ անցկացված են հեռահաղորդակցության մալուխներ, գազի խողովակներ, որոնք մտնում են յուրաքանչյուր բնակարան և ցանկացած պահին հնարավոր փլուզման դեպքում կարող են էլ ավելի մեծ վնաս հասցնել:
Շինարարների, 35 հասցեի մեկ այլ բնակիչ Ռիմա Եղիազարյանը այդ շենքում բնակվում է 1963 թ. և, իր խոսքով, շենքի կառուցումից տասնհիգ-քսան տարի հետո առաջ է եկել վթարային վիճակ՝ սկսեցին նկատվել ճեղքվացքներ:
«Երկար տարիներ խոսակցություներ էին գնում շենքի նորոգման կամ մեր տարհանման վերաբերյալ, սակայն ոչինչ չէր արվում: Խորհրդային վերջին տարիներին առաջին մուտքի բնակարանների մի մասի բնակիչներին տարհանեցին, սակայն այնուհետև այդտեղ բնակարաններ տրվեցին փախստականներին: Հիմա առաջին մուտքն ունի չորրորդ կարգի վթարայնություն, իսկ երկրորդ ու երրորդ մուտքերը ստացան վթարայնության երրորդ կարգ:
Սակայն պարզվեց, որ եթե քանդվի շենքի միայն առաջին մուտքը, ապա հաջորդ երկու մուտքը կարող են խիստ վնասվել, և այդ պատճառով որոշվեց քանդել շենքի վեց մուտքերից oրեքը՝ մինչև, այսպես կոչված, շենքի կարը», - ասաց Ռիմա Եղիազարյանը:
Քաղաքաշինության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, 2015 թվականի վերջին հնարավորություն կստեղծվի լուծել 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևանում հաշվառված բոլոր քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հարցերը: Այդ նպատակով 2014 թվականից մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում կառուցվում է 4 բազմաբնակարանային շենք:
Դրանցից մեկը գտնվում է Շինարարների, 15 հասցեում, որտեղ անցած տարվա սեպտեմբերից կառուցում են 12 հարկանի շենք: Ներկա պահին արդեն կառուցում են հինգերորդ հարկը: Շինարարների խոսքով՝ նման արագության դեպքում արդեն այս տարվա կեսին հնարավոր կլինի ավարտել շենքի շինարարությունը և անցնել ներքին հարդարման աշխատանքներին:
Անահիտ Մինասյան