ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով ազգային փոքրամասնությունների անդամներին' Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է հանդիպման շարժառիթը:

 

Նա տեղեկացրել է, որ իր գործընկերների հետ նախաձեռնել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում եւ դատապարտում է 1914-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նախաձեռնության նպատակն է վերականգնել պատմական արդարությունը, պաշտպանել մարդու իրավունքները, ինչպեւ նաեւ պայքարել թուրքական ժխտողականության դեմ:

 

ԱԺ փոխնախագահի խոսքով, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը չի դատապարտել մարդկության դեմ իրականացված նման ոճրագործությունները, մեծ է դրանց կրկնության հնարավորությունը: Նա անընդունելի է համարել 21-րդ դարում դեռեւս առկա ժխտողական քաղաքականությունը:

 

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ խորհրդակցել է ԱԺ տարբեր խմբակցություններում ընդգրկված պատգամավորների հետ. հայտարարության նախագծի վերաբերյալ նրանց տեսակետը դրական է: Խորհրդարանը նախատեսում է այն ընդունել առաջիկա գարնանային նստաշրջանի ընթացքում:

 

Հանդիպման ավարտին հյուրերը համայնքների անունից շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին սպասված նախաձեռնության համար, ինչպես նաեւ ներկայացրել առաջարկներ, որոնք վերաբերել են հետագա համագործակցությանը: