Ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ խեղաթյուրել են իրականությունը' գրելով, թե հայկական անօդաչու սարք են խոցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զավեշտ անվանեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, որ Աղդամի շրջանում հայկական անօդաչու սարք է խոցվել: «Նման բան չկա եւ չի կարող լինել: Ծայրից ծայր սուտ է, հերյուրանք: Նրանք հայկական անօդաչու սարք չեն խոցել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, որ գիտի, թե ինչու է ադրբեջանական կողմը նման քայլերի դիմում:

 

«Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»,- ասաց Հովհաննիսյանը: