Թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր հերթական հոդվածում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող Դողու Փերինչեքի դատավարությանը և դրա նկատմամբ թուրքական պետության ներսում հասարակական վերաբերմունքին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Today’s Zaman պարբերականը, Ջենգիզը փաստում է, որ Թուրքիայում շատերն ընկալում են դատական գործընթացը որպես ՄԻԵԴ-ի' 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն ճանաչելուց հրաժարում: Նա նշում է, որ մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն մեկ այլ' Թաներ Աքչամն ընդդեմ Թուրքիայի դեպքի վրա, որի ժամանակ ՄԻԵԴ-ը քննադատել և դատապարտել էր թուրքական պետությանը «թուրքականությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածով պայմանավորված հետապնդումներ իրականացնելու կամ դրա սպառնալիքի տակ Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումները սահմանափակելու համար:
«Եթե մարդիկ իսկապես պաշտպանում են Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը Հայոց ցեղասպանության հարցում, ապա այդ դեպքում նրանք նաև պետք է պաշտպանեն Թուրքիայում բնակվող այն մարդկանց, ովքեր պնդում են, որ 1915 թվականին տեղի ունեցածը Ցեղասպանություն է»,- գրում է Ջենգիզը: Նա նշում է, որ երբ խոսում ենք խոսքի ազատությունից, ապա պետք է միանշանակ բացառենք սպառնալիքները և ատելություն սերմանող հայտարարությունները: Որպես օրինակ հոդվածագիրը հիշեցնում է, թե ինչպես Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը սկսեց սպառնալիքներ ստանալ այն բանից հետո, ինչ հարցազրույց վարեց Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ նկարահանած ագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի հետ, մինչդեռ ոչ ոք այդ սպառնալիքների համար չպատժվեց:
«Տեսնում եք, որ եթե մենք իսկապես ցանկանում ենք քննարկել «խոսքի ազատությունը» և Հայոց ցեղասպանության հարցը, ապա Թուրքիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու այս հարցում: Եվ կենտրոնանալը Փերինչեքի դատավարության վրա, որտեղ ՄԻԵԴ-ը հրաժարվում է կիրառել ազատազրկում' Ցեղասպանության ժխտումը պատժելու համար, Թուրքիայում ոչ մեկին չի մոտեցնի խոսքի ազատությանը կամ ժողովրդավարության զարգացմանը »,- եզրափակել է թուրք սյունակագիրը: