Այս տարվա հունվարի 29-ը ոսկե տառերով է գրվելու հայ ժողովրդի պատմության մեջ, քանի որ այդ օրն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Այս մասին Տավուշի մարզի Չինարի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ես պատմաբան եմ, և իմ կյանքի ընթացքում չեմ հիշում մի հռչակագիր, որտեղ և հոգևոր իշխանությունը, և ա շխարհիկ իշխանությունը, և սփյուռքահայ օջախները, և կուսակցությունները, և հասարակական կազմակերպությունները բոլորը միասնական, հայերով միմյանց ձեռք բռնեն և ասեն՝ սա է մեր ճանապարհը, սա է մեր պահանջատիրությունը, այսպես պետք է լուծենք Արցախի հիմնախնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:
Նա ընդգծեց, որ 2015թ. հունվարի 29-ը պատմական կարևոր օր է հայ ժողովրդի համար: «Մենք առաջին հերթին ինքներս մեզ և աշխարհին ցույց ենք տվել, որ մենք միասնական ենք: Եվ գիտեք ինչու՞: Որովհետև ունենք ձեզ նման հերոս տղաներ: Եվ երեկ հայ ժողովուրդն ապացուցեց, որ ի հակառակ բազմաթիվ սկեպտիկների, մենք միասնական ենք»,- մանրամասնեց Շարմազանովը:
Հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում:
Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: