Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունվարի 30-ին անցկացվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստի հերթական համերգը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգային երեկոյի ընթացքում հնչել են Էդգար Հովհաննիսյանի դաշնամուրային ստեղծագործությունները։ Հանդես են եկել մենակատարներ Անահիտ Դիլբարյանը, Վարդան Գյոդակյանը, Արմեն Բաբախանյանը, Ռոման Նամալյանը։ Դաշնակահար Արմեն Բաբախանյանը կարևորել և պարտադիր է համարել Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի անցկացումը։

 

«Մենք հռչակավոր, ֆանտաստիկ կոմպոզիտորներ ունենք, ում արվեստը որոշ դեպքերում մոռացվել է։ Ուստի ողջունում եմ նման փառատոն անցկացնելու գաղափարը, որը հնարավորություն է տալիս ունկնդրին, մանավանդ երիտասարդությանը լսելու մեր մեծերի ստեղծագործությունները։ Էդգար Հովհաննիսյանի դաշնամուրային ստեղծագործությունները հատուկ տեղ են գրավում ոչ միայն հայկական, այլև համաշխարհային դասական երաժշտության մեջ։ Նա միանշանակ համաշխարհային տաղանդ ու մեծություն է»,- նշել է Արմեն Բաբախանյանը։

 

Փառատոնը կյանքի են կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այն այս տարի նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին։ Փառատոնը միտված է հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը: