Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացքի մեջ են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի շրջանակում հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները վերելակներով կահավորելու աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապ ետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել ավտոբուսների կահավորման աշխատանքներն ու շահառուների մասնակցությամբ դրանք փորձարկելուց հետո հանձնել շահագործման:
«Այս տարվա բյուջեով մենք նախատեսել ենք ևս 10 ավտոբուս կահավորել վերելակներով: Ուստի արդեն իսկ սկսեք մրցութային գործընթացը, որպեսզի կարողանանք առավել կարճ ժամկետում իրականացնել հետագա աշխատանքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստի արդյունքների վերաբերյալ զեկուցվել է, որ մշակված ծրագիրը հանձնաժողովի անդամների կողմից ընդունվել է միաձայն և ներկայացվել է քաղաքապետի վավերացման: