Հայաստանն ակտիվացրել է Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը՝ դեպի այդ երկիր արտահանումն ավելացնելով 2.5 անգամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2014 թվականին Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 588 մլն 457.3 հազար դոլար' նախորդ տարվա համեմատ աճելով 29.4 տոկոսով։ Ընդ որո ւմ, Չինաստանին է բաժին ընկել Հայաստանի արտաքին առևտրի 9.9 տոկոս մասնաբաժինը, այնինչ նախորդ տարի այդ թիվը կազմում էր 7.8 տոկոս։
2014 թվականին աճել է նաև Չինաստանից ներմուծման ծավալները։ Մեկ տարում Հայաստան է ներմուծվել 417 մլն 503.3 հազար դոլարի չինական ծագման արտադրանք՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 8.2 տոկոսով։
Հայաստանից Չինաստան արտահանվել են հիմնականում հանքաքար և պղնձի խտանյութ, էթիլային սպիրտ, լիկյոր և այլ սպիրտային ըմպելիք, ինչպես նաև ադամանդ: Չինաստանից Հայաստան են ներմուծվել հիմնականում համակարգիչներ, երկաթի հարթ գլանվածք, կահույք և կահույքի մասեր, ռետինե անվադողեր, հագուստեղեն և կոշկեղեն։
2014 թվականին արտանահումը մի քանի անգամ աճել է նաև այնպիսի երկրների մասով, ինչպիսիք են Դանիան, Ֆինլանդիան, Կիպրոսը և Լեհաստանը։
Թեև Դանիայի հետ առևտուրը կազմում է ընդհանուր առևտրաշրջանառության 0.1 տոկոսը, սակայն այս տարի 6.3 անգամ աճել է Հայաստանից ապրանքների արտահանումը դեպի այդ երկիր։ Հայաստանից Ֆինլանդիա արտանահումն աճել է 3 անգամ, դեպի Կիպրոս՝ 11.3 անգամ, Լեհաստան՝ 3.3 անգամ։