Հայ Առաքելական Եկեղեցին այս տարվա ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերին կդասի սրբերի շարքը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նրա խոսքով' սրբադասումն աննախադեպ իրադարձություն է, քանի որ վերջին սուրբը, որ հռչակվել է և հիշատակվում է որպես տոնելի սուրբ, Հայրապետ Մովսես Տաթևացին է, ում սրբադասումը եղել է 18-րդ դարում:
«Հայ եկեղեցին սրբացում չի կատարում, այլ ճանաչում է սրբերի կամ այդ անձանց սրբությունը, որն արդեն իսկ տարածում է ունեցել մարդկանց մեջ կամ վկայություններով փաստված է եղել: Այս քայլը նաև նշանակում է, որ եկեղեցին ճանաչում է տեղի ունեցածը՝ ցեղասպանությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' տեղեկացրեց Սրբազանը' հավելելով, որ ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ կատարելու որոշումը կայացվել է նախորդ տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած եպիսկոպոսաց ժողովի ժամանակ:
Սրբազանի տեղեկացմամբ' տեղի է ունենալու սրբադասման համար մշակված ծիսական արարողակարգ, որի ընթացքում էլ հատուկ բանաձեւով կատարվելու է սրբերի հռչակումը: «Արարողության ժամանակ ընթերցվելու է նաև սրբադասելիների վկայաբանությունը, կատարվելու է սրբապատկերների օծումը եւ մասունքարանների օրհնությունը»,-ասաց Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Սրբադասման հանձնախումբը հստակ պայմաններ է սահմանել սրբապատկերի ստեղծման համար: «Սրբապատկերի ընտրությունը տեղի է ունեցել այդ ոլորտում որոշ փորձառություն ունեցող արվեստագետներին հանձնարարություն տալուց եւ պայմանները ներկայացնելուց հետո: Քննարկման տարբեր փուլեր անցնելով՝ պատկերները ներկայացվել են նաեւ 2014 թվականին գումարված եպիսկոպոսական ժողովին, որից կատարվել է ընտրությունը»,- հայտնեց բանախոսը:
Ինչ վերաբերում է շարականի ընտրությանը, ապա 2014 թվականին Էջմիածնում գումարված եպիսկոպոսական ժողովը հաստատել է, որ ցեղասպանության զոհերի սրբադասման շարական ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո միաբաններից լուսահոգի Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանի հեղինակած «Ապրիլյան նահատակներին» շարականի կանոնն իր բոլոր միավորներով:Սրբազանի խոսքով՝ արարողությանը ներկա են լինելու արևելյան քույր եկեղեցիների պետերն իրենց պատվիրակություններով: Ինչ վերաբերում է Հռոմի պապի մասնակցությանը, դեռ բանակցություններ են ընթանում, սակայն վերջ նական պատասխան դեռևս չկա:
Սրբադասման կարգը կայանալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեկնարկը հավանաբար կտրվի ժամը 16:00-ին, կավարտվի 19:15-ին, որը խորհրդանշելու է 1915 թվականը: Ավարտին կհնչեն աշխարհի բոլոր հայ եկեղեցիների զանգերը, ինչին կհետեւի մեր րոպե լռությունն ու տերունական աղոթքը: