Եվրոպայի գլխավոր էներգետիկական դաշնակիցը ԱՄՆ-ն է, անհրաժեշտ է անդրատլանտյան գործընկերությունը հասցնել նոր մակարդակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը, հայտարարել է կլիմայի փոփոխման և էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Միգել Արիաս Կանիետեն:

 

«էներգետիկայի ոլորտում ԵՄ-ն չունի այնպիսի մի ընկեր, ինչպիսին ԱՄՆ-ն է: Մենք միասին ենք եղել Ուկրաինայի հարցում՝ ուկրաինական բարեփոխումներից մինչև ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանում, Սլովակիայից դեպի Ուկրաինա ռևերսից մինչև եվրոպական էներգետիկական շուկային Հարավարևելյան Եվրոպայի ինտեգրացում: Մենք պետք է ամրապնդենք մեր գործընկերությունը և այն հասցնենք նոր մակարդակի»,-ասել է Կանիետեն:

 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա հավելել է, որ անհրաժեշտ է մտածել Ատլանտիկայով գազի ազատ առևտրի մասին: «Էներգիան պետք է լինի անդրատլանտյան գործընկերության քննարկման հանգուցային բաղադրիչը:

 

Մեր անդրատլանտյան էներգետիկական մոտեցումը պետք է արտացոլվի մեր նոր համաձայնագրում, մենք պետք է առաջ տանենք էներգետիկայի հատվածի ընդհանուր ստանդարտները, և մենք պետք է ունենանք Ատլանտիկայով ազատ վաճառվող գազ»,-նշել է նա, հավելելով, որ Եվրոպան չի կարողանա անկախ դառնալ «մեկ գիշերվա ընթացքում»: