Թուրքիան Հայաստանի և Հայոց ցեղասպանության հարցում առաջնորդվում է իր սին պատկերացումներով: Նմանատիպ կարծիք փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը: Թուրքագետի կարծիքով' դրա վառ օրինակ է վերջերս Թուրքիայի փոխվարչապետ Բյուլեն Արընչի արած արտահայտությունը, թե իբր Հայոց ցեղաս պանության հարցում Հայաստանը գերի է հայկական սփյուռքի պնդումներին:
«Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իր սին պատկերացումների վառ օրինակներից է վերջին տարիներին Թուրքիայի նախկին արտգործնախարար Դավութօղլուի առաջադրված այն թեզը, թե իբր տարբեր հարցերում Սփյուռքը և Հայաստանը հանդես են գալիս տարանջատ, այդ թվում' Ցեղասպանության հարցով: Ժամանակին Դավութօղլուն նաև նախաձեռնել է գործողությունների մի շարք, որի նպատակն է Թուրքիայի կողմից կապ հաստատել հայկական սփյուռքի տարբեր շրջանակների հետ: Դրա նպատակն է տարբեր նախաձեռնությունների միջոցով, անջրպետների ստեղծումը Հայաստանի Հանրապետության և սփ յուռքի միջև», - շեշտեց Լեւոն Հովսեփյանը:
Թուրքագետի կարծիքով Հայաստանի եւ սփյուռքի միջև անջրպետի վերաբերյալ Թուրքիայի կարծրատիպի հրաշալի պատասխան էր հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընթերցված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որը Հայաստանի և ողջ հայության միասնության ևս մեկ ապացույց է:
«Հռչակագիրը բավականին կարևոր և աննախադեպ երևույթ էր մեր իրականության մեջ, և այն, որպես փաստաթուղթ, ուղենշային տեսլական է այն մասին, թե այսուհետ հայությունը և Հայաստանի Հանրապետությունը պահանջատիրության հարցում կոնկրետ ինչ ուղղությամբ պետք է ընթանան: Սրան արդեն պետք է հետևեն կոնկրետ գործընթացները և նշված այն իրավական ծրարը, որը տեղ է գտել Հռչակագրում»,- հավելեց Լեւոն Հովսեփյանը:
Հռչակագիրը բացում է մի մեծ աշխատանքների շրջանակ, որը, թուրքագետի խոսքով, ենթադրում է նաև մշակումների կատարում՝ հստակեցնելու համար պահանջատիրության իրավական մեխանիզմները: Սակայն, դա կպահանջի որոշակի ժամանակ, և ակնկալել, որ առաջիկայում նման թղթածրար կդրվի, Լեւոն Հովսեփյանի կարծիքով, այդքան էլ իրատեսական չէ: