Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եւ այդ երկրում տիրող ճգնաժամի լույսով անվտանգության եվրոպական ճարտարապետության ապագան, ահաբեկչության դեմ պայքարը եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը. սրանք այն թեմաներն են, որոնք հիմնականը կլինեն փետրվարի 6-ին Մյունխենում բացվող միջազգային խորհրդաժողովում, որը նվիրված է անվտանգության քաղաքականության հարցերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թվով 51-րդ համաժողովին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների երկու տասնյակ ղեկավարներ, ինչպես նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության շուրջ 60 նախարարներ, գործարար եւ գիտական շրջանների, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Մյունխենի խորհրդաժողովի ղեկավար գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը նշել է, որ համաժողովի շրջանակներում սպասում է «ինտենսիվ բանակցություններ»՝ նվիրված ուկրաինական թեմատիկային: «Ժամանելու են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ից՝ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը եւ պետքարտուղար Ջոն Քերին»,- հիշեցրել է Իշինգերը:
Վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպմանը մասնակցելու է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, որը, ըստ կազմակերպիչների տվյալների, իր ելույթում առանձնակի ուշադրություն կդարձնի Ուկրաինայի ճգնաժամին: Մյունխեն կժամանեն նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ Յան Ցզեչին, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը, Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը: