Սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ չպետք է համարեն, որ ինչ-որ բանից զրկված են ու թերի են Երևանում, Գյումրիում, Վանաձորում ապրող մարդկանից:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը' անդրադառնալով սահմանային լարվածությանը: «Նախ ես չէի տարանջատի մարդկային կյանքն ու հայրենիքը, երկուսն էլ նույն կողմից են: Մարդն ինձ համար մեծագույն արժեք է, մեծագույն ուշադրություն պետք է դարձվի սահմաններում ապրող մարդկանց: Դժվար է պաշտպանել հողը, որը չունի լավ ապրող ժողովուրդ: Եթե հողի վրա ապրում է ժողովուրդ, դա լավագույն պաշտպանն է»: Արվեստագետը հայտնեց, որ իրենք փորձում են թեկուզ փոքր ուժերով, բայց լինել սահմանապահ ժողովրդի կողքին: «Երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ մեկնել ենք սահման, ամենառմբակոծվող գյուղեր' Մովսես ու Խաչիկ, ներկայացում ենք ունեցել, հաճույքով դիտում են և երեխաները, և մեծերը»-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Ռուբեն Բաբայանը' հավելելով, որ հստակ քաղաքականություն է պետք մշակել' տնտեսական, քաղաքական, մշակութային, որպեսզի այդ շրջաններում մարդիկ լավ ապրեն:

 

Մայր Աթոռի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էլ կարծում է, որ մեր բոլոր գործողությունները պետք է բխեն մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունից: «Սահմաններում այնպիսի միջոցառումներ պետք է լինեն, որ նրանց անվտանգությունը որևէ մեկի մոտ որևէ կասկած չառաջացնի ոչ միայն զինական իմաստով, այլև տնտեսական, կրթության, կյանքի զարգացման իմաստներով»,-նշեց Բագրատ Սրբազանը: