«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.

 











Սպանություն՝ Փարաքարում. սպանվել է տանտիրուհին

 

 

 

Շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում փետրվարի 5-ին' ժամը 22.45-ին, հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել:

 

 

Մեկնած օպերատիվ խումբը Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1964թ. ծնված Անահիտ Զաքևոսյանի դիակը' կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Կատարվում է քննություն:

 

 

 

***

 

 

 

Հակառակորդի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայող Շեքսպիր Հակոբյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

 

 

 

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի զինծառայող շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանի սպանության դեպքի առթիվ։

 

 

2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից, ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով մեջքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

'

 

Ստացված հրազենային վիրավորումից զինծառայող Շ.Մխիթարյանը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

***

 

 

 

Արցախում հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

 

 

 

Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 

 

 

***

 

 

 

Կա՛մ ընդունում ենք, որ կա անկախ ԼՂՀ, կա՛մ չկա. ՀՅԴ-ն «Հիմնադիր խորհրդարանի» նպատակները չի ընդունում

 

 

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում այսօր՝ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած բռնությանը, նշեց, որ ՀՅԴ-ն դատապարտում է բռնությունը:

 

 

«Իշխանությունները և մենք, նաև ԼՂՀ իշխանությունները, պետք է ընդունենք, որ եթե մենք մի ճանապարհ ենք որդեգրել, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, եկեք կեսից այլ «օյիններ» չանենք, կեսից չփոխենք մեր գործընթացի տրամաբանությունը: Կա՛մ ընդունում ենք, որ անկախ այդպիսի պետություն կա՝ Ղարաբաղ, կա՛մ ոչ: Եթե ոչ, մենք պետք է պատասխան տանք միջազգային հանրության առաջ, եթե ոչ, մենք պետք է լավ հասկանանք, որ դրանով ջուր ենք լցնում Ադրբեջանի ջրաղացին:

 

 

Մենք պայքար ենք սկսել նրա հիման վրա, որ կա Լեռնային Ղարաբաղի անկախ պետություն, և եթե այդ անկախությունը մենք ընդունում ենք, ցանկացած անկախ պետություն, եթե այդպես մեկը փորձի գնա, իր տարածքում, այդ պետությունում քաղաքական գործունեություն իրականացնի, սահմանին կկանգնեցնեն, կասեն, որ մուտքն արգելված է, դուք մեր երկրում persona non grata եք՝ ձեր այս առաքելությամբ: Եվ ամեն ինչ դրանով կավարտվեր»,- ասաց Ռուստամյանը:

 

 

 

***

 

 

 

Սահմանին դանդաղ պատերազմ է. Արծրուն Հովհաննիսյան

 

 

 

Իրավիճակը սահմանին հունվարի սկզբից լարված է: Եթե ամեն օր հայկական կողմը հակառակորդի ոտնձգություններին չպատասխանի, ապա կսկսենք պարտություններ կրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

Վերջինիս խոսքով՝ սահմանին դանդաղ պատերազմ է, և եթե մի օր այս պատերազմում պարտվենք, ոչ թե զոհեր կունենանք, այլև դիրքեր կկորցնենք:

 

 

Հովհաննիսյանը նշեց նաև, որ ադրբեջանական ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնա:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին՝ ուշ երեկոյան, ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել:

 

 

Ներքին Կարմիր աղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանը մահացու վիրավորումն ստացել էր իր տան բակում:

 

 

 

***

 

 

 

Ադրբեջանը հայտնում է սեփական բանակի զինվորի զոհվելու մասին

 

 

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 5-ի գիշերվա ժամերին փոխհրաձգության հետեւանքով «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ» զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող, զինվոր Ֆարիդ Ռուֆաթ օղլու Աղաեւը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը:

 

 

Նշվում է, որ չնայած ծանր վիրավոր զինվորին ժամանակին բժշկական օգնություն է ցուցաբերվել, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը ցավակցություն է հայտնել զինվորի հարազատներին' չնշելով միջադեպի հետ կապված այլ մանրամասներ:

 

 

 

***

 

 

 

Վալերի Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան

 

 

 

2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով նախաքննությունը շարունակվում է:

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջ քաշված վարկածներն ստուգելու ուղղությամբ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների և մեղադրյալ Վալերի Պերմյակովի՝ ՌԴ-ում միմյանց հետ առնչություն ունենալու հավանական վարկածը ստուգելու ուղղությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներից Հասմիկ և Աիդա Ավետիսյանները, Արաքսյա Պողոսյանը 2005 թվականից մինչ դեպքի օրը Հայաստանի սահմաններից դուրս չեն մեկնել։

 

Սերյոժա և Արմեն Ավետիսյանները պարբերաբար մեկնել են ՌԴ, մասնավորապես՝ Մոսկվա, Կրասնոդար, Անապա, Սոչի և Ռոստով քաղաքներ: Հիշյալ վարկածի ստուգման ուղղությամբ քննչական և օպերատիվ աշխատանքները շարունակվում են:Շարունակությունն՝ այստեղ: