Իրանում արաբական երկրների հեղափոխական սցենարների կրկնության, Արևմուտքի հետ հարաբերություններում սառույցի տեղաշարժի ու իրանական 2500 տարվա պատմություն ունեցող պետականության ու դիվանագիտության առանձնահատկությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ:


-Հաշվի առնելով Արևմուտքի և Իրանի միջև երկար տարիներ տևող հարաբերությունների լարվածությունը, արդյո՞ք հնարավոր է, որ մոտակա ժամանակ Իրանում տեղի ունենա արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած դեպքերի կրկնությունը:

 

-Իրանը, ինչպես և յուրաքանչյուր երկիր իրավունք ունի խաղաղ նպատակներով զարգացնելու միջուկային ծրագիր, սակայն Արևմուտքը մեղադրում է Իրանին մի բանում, որի նկատմամբ հստակ փաստեր չունի: Արևմտյան երկրները հիմնվում են Իրանում մեծ թափով զարգացող հրթիռաշինության և միջուկային ծրագրերի առկայության վրա, ինչը լիարժեք հիմք չէ այդ երկրին մեղադրելու: Ահա սա է հիմնական խնդիրը, և Արևմտյան երկրները ցանկանում են բանակցությունների միջոցով առավել թափանցիկ դարձնել Իրանի միջուկային ծրագիրը:

 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին և ԻԻՀ արտգործնախարար Զարիֆին իրենց ճկուն քաղաքականությամբ կարողացան համոզել Արևմուտքին, որ իրենք կարող են ավելի բաց լինել բանակցությունների համար, սակայն պետք է երկկողմանի վստահության մակարդակը բարձրացվի: Դրան ի պատասխան Միացյալ Նահանգները արձագանքեցին, նշելով որ դրական դինամիկա արձանագրելու դեպքում Իրանի նկատմամբ ճնշումները կթեթևացվեն: Սա է իրանական դիվանագիտությունը: Ահմադինեժադի ժամանակ ճնշումները խիստ խորացան, սակայն հիմա եկել է մի քաղաքական գործիչ, ով ավելի հակված է բանակցությունների:

 

Նույն պատ կերը եղել է որոշ ժամանակ առաջ։ Նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին բանակցությունների այդքան էլ չէր գնում, և Իրանի հանդեպ պատժամիջոցները խորացան։ Նրան հաջորդեց Մոհամմադ Խաթամին՝ բարեփոխիչների թևից և բանակցությունների կողմնակից, ով ՄԱԿ-ում հանդես եկավ Քաղաքակրթությունների երկխոսության գաղափարախոսությամբ: Պատրաստակամություն հայտնեց միջուկային ծրագրի շրջանակներում համագործակցել Արևմուտքի հետ, որով թեթևացրեց ճնշումները իր երկրի նկատմամբ: Այս ընթացքում Իրանը կարողացավ իրականացնել իր աշխատանքները, այնուհետև նոր նախագահ Մահմուդ Ահմադինեժադ ի ժամանակ դռները նորից փակվեցին և իրանացիները շարունակեցին աշխատանքը միջուկային ոլորտում: Այսինքն, իրանցիները դանդաղ շարունակում են իրականացնել այն, ինչ ծրագրել են:


-Որքանո՞վ մեծ է հավանականությունը, որ Մերձավոր Արևելքում իր դերակատարությունը մեծացնող «Իսլամական պետությունը» կարողանա գործունեությունը տարածել նաև Իրանում:

 

-Չեմ կարծում, քանի որ Իրանը իսլամական հանրապետություն է, իր բավական խիստ դրվածքով, այն ոչ Աֆղանստան է, ոչ էլ Պակիստան: Այս երկրում գործում են բոլոր անհրաժեշտ կրոնական կառույցները և իրենք առաջին հերթին կպայքարեն «Իսլամական պետության» դեմ:


- Ինչպե՞ս կարող է ծավալվել Իրանի քաղաքականությունը Ռուսաստան-Արևմուտքի ներկա սրացման համատեքստում:Կարելի՞ է ակնկալել, որ այն կարող է առիթ դառնալ, որպեսզի Իրանի վրայից հանվեն սահմանափակումները:

 

- Չեմ կարծում, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների ֆոնին կտրուկ կբարելավվեն Իրանի և Արևմուտքի հարաբերությունները: Իրանն ունի իր որդեգրած քաղաքական ուղին, որը հաճախ չի համընկնում Արևմուտքի շահերի հետ: Իրանի դիվանագիտությունն ինքնիշխան և ինքնաբավ պետության գործելաոճ ունի և չի ընկրկում Արևմուտքի սպառնալիքների առջև, չի կատարում Արևմուտքի այս կամ այն հրահանգները: Սա դուր չի գալիս առաջին հերթին Միացյալ Նահանգներին, որը սովոր է տարածաշրջանում թելադրող լինել: Առանձին հարցերում Իրանի և Ռուսաստանի մոտեցումները բավականաչափ համընկնում են:


-Ինչպե՞ս եք բնութագրում Իրանի դիվանագիտությունն առհասարակ. ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

 

-Ասել, որ մենք ամբողջությամբ հասկանում ենք Իրանի դիվանագիտությունը՝ ճիշտ չի լինի: Ի դեպ նման շռայլություն չեն կարող իրենց թույլ տալ նաև Արևմտյան երկրները, որոնք տարիներ շարունակ բանակցում են Իրանի հետ, սակայն վերջնական որոշման չեն կարողանում հանգել: Իրանը ունի 2500 տարվա պետականություն, և այս ողջ տարիների ընթացքում ձևավորվել է աշխարհին հայտնի իրանական դիվանագիտությունը: Իրանը, ըստ իս, իր քաղաքականությունն իրականացնում է անշտապ, համբերատարությամբ և ձգձգելու միջոցով, մինչև կգա այն լավագույն պահը, որի դեպքում Իրանն առանց վայրկյան կորցնե լու կգործի իր ողջ ներուժով: Հայերս, իմ կարծիքով, անհամբեր ենք, միշտ շտապողականություն ենք ցուցաբերում և ոչ միշտ կարողանում հասնել լավագույն տարբերակին: Եվ ընդհանրապես արտաքին քաղաքականության հետևում միշտ կանգնած է երկիրը իր ողջ ներուժով, տարածաշրջանում զբաղեցրած դիրքով, մարդկային ռեսուրսներով: Այդ առումով, մեր և Իրանի արտաքին քաղաքականությունը տարբեր է և անհամեմատելի:


-Լինելով հազարամյակների դրացիներ, ի՞նչն է մեզ խանգարում լավ ճանաչել մեր հարևանին:

 

-Եթե համեմատենք Հեռավոր Արևելքի հետ, ապա մենք, իհարկե, ավելի լավ ենք ճանաչում Իրանը, սակայն դա չի նշանակում, որ մեզ ամբողջությամբ հասկանալի է իրանական դիվանագիտությունը: Նույնիսկ Արևմուտքի վերլուծական կենտրոններում, որտեղ աշխատում են իրանցի վտարանդի մտավորականներ չեն կարողանում ամողջությամբ հասկանալ Իրանի վարած քաղաքականությունը։ Օրինակ՝ ուր է տանում նրա միջուկային ծրագրերի հետ կապված քաղաքականությունը: Իրանացիները ի սկզբանե ավելի համբերատար են, իսկ մենք ցանկացած հարցի արդյունքը ցանկանում ենք շատ արագ տեսնել, ինչը մեր մենթալիտետի բաղկացուցիչ մասն է, ըստ իս:

 

 

Անահիտ Մինասյան