Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ավարտին եղել է 1900 մետր 13 սանտիմետր, այսօրվա դրությամբ ևս նույնքան է: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը: Պաշտոնյայի խոսքով' 2013-ի վերջին և 2014-ի սկզբին եղանակային պայմաններով ի հայտ եկած սակավաջրությունը Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն առաջացրեց: «Հիմնականում դա պայմանավորված էր մի շարք գործոններով. Սև ջուր գետի ջրատվության մակարդակի նվազումը, 8 հազար 180 հեկտար հողերի ոռոգման խնդիրը, ջրամբարների լցվածության ու Հրազդան գետի ջրատվության մակարդակի նվազումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Մհեր Մկրտումյանը' ավելացնելով, որ 2014-ի դեկտեմբերը ջրամատակարարման տեսանկյունից աչքի ընկավ անբարենպաստ պայմաններով' չնայած հետագա կանխատեսման պատկերը կարող է փոխվել' հաշվի առնելով վերջին օրերին եղանակային միտումներն ու զարգացումները:

 

«Ներկայիս ձյան առատ տեղումները, մարտ-ապրիլին եթե ուղեկցվեն սելավային հոսքերով, այլ պատկեր կունենանք, քան կանխատեսումն էր: Խնդիրը պետք է լինի ջրամբարների լցվածությունը և ամռան ամիսներին գետերի հոսքերի հետ կապված տեղումների բավարար քանակությունը»,-նշեց պաշտոնյան:

 

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչ քայլեր են արվում Սևանա լճի մակարդակը կայուն պահելու ուղղությամբ' հաշվի առնելով գլոբալ տաքացման վտանգը, Մհեր Մկրտումյանը նախ թվային տվյալներ ներկայացրեց, հետո խոսեց նախատեսվող գործողությունների մասին: «Մենք պետք է հետագա զարգացումների մասին մտածենք, գլոբալ տաքացումը լուրջ մարտահրավերներից մեկն է: Հայաստանը, գտնվելով այսպիսի բնակլիմայական գոտում, ուղղակի ազդեություն է ունենալու: Որոշ թվեր ներկայացնեմ. կանխատեսվում է, որ ջերմաստիճանի բարձրացումը 2030-ին կդիտվի 1 աստիճանով, 2070-ին' 2 աստիճանով, 2100-ին' 4 աստիճանով: Այս բարձրացումները կհանգեցնեն տեղումների քանակի նվազեցման' ըստ թվականների, համապատասխանաբար, 3, 6 և 9 տոկոսով: Այն կբերի գոլորշիացման մակարդակի շուրջ 1.6, 2.5, 3.7 տոկոսով ավելացման: Ձյան ծածկույթը կնվազի 7-10, 16-20, 21-40 տոկոսով, գետերի հոսքը ևս կնվազի»,-ասաց Մհեր Մկրտումյանը' հավելելով, որ այդ վտանգները կանխարգելելու ուղին ջրամբարաշինությունն է, որը ՀՀ նախագահի և կառավարության ծրագրերով որդեգրված գերակա ուղղություններից է:

 

«Նախատեսվում է Կարս, Վեդի, Եղվարդ, Մաստարա ջրամբարների շինարարությունը, որոշակի փուլով նախապատրաստական աշխատանքներ սկսված են: Վեդիի և Կարսի համար մինչև տարեվերջ կունենանք նախագծանախահաշվային տվյալները, մյուս տարվանից կսկսենք շինարարության գործընթացը: Եղվարդի ջրամբարի առնչությամբ' Ճապոնական կառավարության հետ բանակցություններն ընթացքի մեջ են, նախաուսումնասիրության փուլն ավարտված է, մենք կարծում ենք' մինչ այս տարվա վերջ կավարտենք վերջնական ուսումնասիրման, տեխնիկական առաջադրանքների հստակեցման փուլը»,-հայտնեց պաշտոնյան:

 

Անդրադառնալով Սևանա լճից ապօրինի ջրառի և անցյալ տարեվերջին ջրամբարների դատարկվածության մասին խոսակցություններին' Մհեր Մկրտումյանը նշեց, որ Սևանից ջրառ իրականացվում է բացառապես ոռոգման նպատակով' օրենքով սահմանված կարգով: Իսկ ջրամբարների ջուրը, ըստ բանախոսի, օգտագործվել է ոռոգման նպատակով և ոչ մի այլ տեղ չի կորել: