Ընթացիկ տարվա հունվարի գներով Ադրբեջանի համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ), անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0,8 մլրդ մանաթով կամ 18,2 տոկոսով նվազել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Թուրան» լրատվական գործակալությունը' հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը:

 

Ադրբեջանի ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 34 տոկոս, ինչը հանդիսանում է ամենցածր ցուցանիշներից մեկը 2000-ականների նավթային բումից հետո:

 

Նման պայմաններում Ադրբեջանը հայտարարում է, որ 2015 թվականին տնտեսության աճը կկազմի 4,4 տոկոս, այն դեպքում, երբ միջազգային հեղինակավոր կառույցները 2015 թվականին Ադրբեջանի համար 3 տոկոսից ավելի տնտեսական աճ չեն կանխատեսում:

 

Ադրբեջանի «Ումիդ» կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Իգբալ Աղազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: