Սպառողներին հիմնականում հուզում են ավտոմեքենաների մաքսազերծման խնդիրները: «Մեր սպառողները հիմնականում գնում են երրորդ երկրներից ներկրված օգտագործված մեքենաներ, որոնք հետագայում կթանկանան, սակայն առաջիկա հինգ տարում նման բան տեղի չի ունենա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ'լրագրողների հետ փետրվարի 14-ին կայացած հանդիպմանը հայտնեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ մոտ ապագայում Եվրոպայից ներկրվող ապրանքները թանկանալու են և հնարավոր է, որ սպառողները հարկադրված լինեն գնել մեծամասամբ ռուսական կամ բելառուսական ապրանքներ:
«Մենք պետք է հասկանանք, որ երկրի զարգացումը կախված է արտահանման ծավալներից, որը մեզ մոտ շատ չնչին տոկոս է կազմում և պետք է աշխատել այդ բացը լրացնելու ուղղությամբ»,-ընդգծեց նա և հավելեց, որ Հայաստանից արտահանվում է հիմնականում երկու խումբ ապրանք՝ գյուղմթերք և հանքանյութ: «ԵՏՄ անդամակցությունը գյուղմթերքի պարագայում կարող է նպաստավոր լինել, սակայն այդ հնարավորությունները կային նաև նախկինում»,-հավելեց նա:
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունից հետո ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված ավտոմեքենաները ՀՀ ֆիզիկական անձանց կողմից կարող են ժամանակավոր ներմուծվել Հայաստանի Հանրապետություն 6 ամիսը չգերազանցող ժամկետով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ-ում կիրառվող դրույքաչափերը Հայաստանում կիրառվող դրույքաչափերից ավելի բարձր են, մի շարք զգայուն ապրանքների, այդ թվում տրանսպորտային միջոցների համար սահմանվել է անցումային ժամանակաշրջան, ինչը նշանակում է, որ այդ 5 տարիների ընթացքում ոչ ԵՏՄ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների մասով կիրառվելու են ներկայում կիրառվող մաքսատուրքի դրույքաչափերը: