ՀՀ կառավարության «Օգնություն հողագործին» շարունակական ծրագրով Արարատի մարզի գյուղացիական տնտեսություններին աշնանն անվճար տրամադրվել է 12180 կգ առվույտի, 3000 կգ եգիպտացորենի եւ 3850 կգ գարնանացան գարու սերմացու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, սերմացուների ընդհանուր գումարը կազմել է 30 մլն դրամ:
Մարզի 19 համայնքներին անվճար տրվել է նաեւ 180 կգ ցինկի ֆոսֆիդ թունանյութ: Մարզ է ներկրվել նաեւ 75 տոննա աշնացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուն եւ անվճար հատկացվել է գյուղացիներին' 2015 թվականին ցորենի բերքահավաքից հետո 1 կգ-ն 160 դրամ հաշվարկով գումարն ետ վերադարձնելու պայմանով:
Արարատի մարզում առկա 25465 հա վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտարը: Նախորդ տարվա համեմատ ավելի է մշակվել 1456 հեկտար: 2013 թվականին մշակված վարելահողերը 21526 հա էին, 2012թվականին' 21146 հա:
Լիլիթ Մաճկալյան