Ճամբարակ քաղաքում այս տարվա ամռանը նախատեսված է ավարտին հասցնել խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման ծրագիրը, որն իրականացվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ: Սակայն ծրագրի ավարտի նախատեսված ժամկետից առաջ պարզվել է, որ հորատված երեք խորքային հորերում բավարար ջրաքանակ չի ապահովվում՝ բնակչու թյանը շուրջօրյա ջուր մատակարարելու համար:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, ծրագրով նախատեսված էր քաղաքը խմելու ջրով ապահովել խորքային 3 հորի միջոցով, բայց հորատումից հետո պարզվել է, որ մեկ խորքային հորում առհասարակ ջուր չկա, իսկ մյուս երկուսում հազիվ հնարավոր կլինի ապահովել 4-5 լիտր վայրկյան ջուր, ինչն անբավարար է շուրջօրյա ջրամատակարարում իրականացնելու համար: Խնդիրը քննարկվել է Գեղարքունիքի մարզպետարանում եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունո ւմ, ուր որոշվել է ընդգրկել Ճամբարակի ջրամատակարարման համակարգը սնուցող ջրի լրացուցիչ պաշարներ:

 

 

«Դրանք կարող են լինել Ճամբարակին մինչ այժմ ջուր մատակարարող երկու ջրաղբյուրները, որոնք գտնվում են քաղաքից 5-7 կիլոմետր հեռավորությամբ եւ միանգամայն բավարար են՝ շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար: Ջրատարի արտաքին ցանցը բարվոք վիճակում է, սակայն մինչ արտաքին ցանց մտնելը պետք է կառուցել նոր կապտաժներ, մաքրման կայան, որպեսզի ապահովվի ջրի մաքրությունը:

 

 

Մինչ այժմ մենք այդ աղբյուրներից ենք ապահովում ջրամատակարարումը, որոնց ջուրը բնակչին հասնում է պղտոր վիճակում: Պատվիրատու ընկերությունը նոր կապտաժներ եւ մաքրման կայան կառուցելու համար տվել է իր նախնական համաձայնությունը: Ամենայն հավանականությամբ, շինարարությունը կսկսվի եղանակները տաքանալուն պես, իսկ ամռանը կհասցնենք խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման ծրագիրն ավարտել ամբողջությամբ»,-նշեց քաղաքապետը:

 

 

Նույն ծրագրի շրջանակում հիմնականում ավարտին են մոտեցել Ճամբարակի խմելու ջրատարի ներքին ցանցի նորացման աշխատանքները՝ չհաշված երկու փողոցները, որտեղ եւս նորոգման աշխատանքները կսկսվեն այս գարնանը:

 

 

Խոսրով Խլղաթյան