Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել կալանավորից կաշառք պահանջելու գործով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյուդվիգ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով իրեն է մեղսագրվել գողության և խարդախության կատարում, ինքը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն քրեական գործով նշանակված փորձաքննությունն իրականացնող հոգեբուժարանի աշխատակիցը անմեղսունակ ճանաչելու վերաբերյալ եզրակացություն տալու և այդ հիմքով հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի' 8 հազար դոլար կաշառք:

 

Այնուհետև 2014թ. դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչն իր վարույթում քննվող նույն քրեական գործով կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար իրենից պահանջել է խոշոր չափի' 500 ԱՄՆ դոլար կաշառք:

 

Կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: