Զմմառի վանքում կայացել է «Հայոց ցեղասպանությունը եւ արխիվները» խորագիրը կրող մեկօրյա գիտաժողով՝ Զմմառի Միաբանության և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի կողմից: Գիտաժողովին մասնակցել են Լիբանանում Պապական նվիրակը, Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը, Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը, լիբանանյան համալսարանների իրավագիտության և պատմության ֆակուլտետների ղեկավարներ և դասախոսներ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից:

 

Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել Տեր Ներսես Պետրոս ԺԹ. Կաթողիկե հայոց պատրիարքը, ով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում կարևորել է արխիվները՝ որպես ճշմարտության բացահայտման և հավաքական հիշողության պահպանման կարևոր գրավական:

 

Ողջույնի իր խոսքն է ասել Զմմառի վանքի վանահայր, պատրիարքական փոխանորդ Գերապայծառ Հայր Գաբրիել Թ. Ծ. Վրդ. Մուրադյանը, ով շնորհակալություն է հայտնել Լիբանանի պետությանը, ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը:
Գիտաժողովի շրջանակներում Դամասկոսի և Եգիպտոսի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կառույցների ղեկավարները ներկայացրել են հայ համայնքի ծրագրած եւ արդեն մասամբ գործադրված՝ 100-ամյակի միջոցառումների ցանկը:

 

Առաջին զեկուցումով փարիզաբնակ պատմաբան, պրոֆեսոր Հարություն Գեւորգյանը ներկայացրեց Եղեռնին վերաբերող հատկապես օտարերկրյա արխիվների պարունակած արժեքավոր նյութը, այդ նյութի ուսումնասիրվածությունը եւ, առանձնապես՝ դեռևս շատ կարևոր անելիքները, որոնց զգալի մասը նրա կարծիքով պետք է բաժին ընկնի մեր պատմաբանների երիտասարդ սերնդին։

 

Պրոֆեսոր Վահրամ Շեմմեսյանն իր զեկույցում անդրադարձել է Միջին Արևելքի հայկական արխիվներին՝ մեկ առ մեկ նշելով բոլոր այն արխիվները, որտեղ ուսումնասիրություններ է կատարել Հայոց ցեղասպանության առնչությամբ եւ առանձնացրել է Կահիրեի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության, Անթիլիասի Կիլիկիոյ Հայոց Կաթողիկոսության, Հալեպի եւ Բաղդադի Հայ Առաքելական Առաջնորդարանների արխիվները, որտեղ փաստագրական մեծ նյութ է ամփոփված:

 

Հետաքրքիր և բովանդակալից զեկույցով հանդես է եկել Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Մայր ցուցակի և Ձեռագրագիտության բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանը, ով անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատճառով կորստյան մատնված ձեռագիր-մատյաններին, որոնց թիվը հասնում է շուրջ 30.000-ի: Նա նշել է, որ շատ փոքր թվով ձեռագրեր են փրկվել Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից:
Տեր-Վարդանյանը հավելել է, որ վանքերից և եկեղեցիներից բռնագրված ձեռագրերի մի մասն այսօր գտնվում է թուրքական պետական գրադարաններում և արխիվներում: Նա նաև նկատել է, որ անկարելի է հստակ ասել, թե որքան հայ կրոնական սպասք և եկեղեցական իրեր են կորստի մատնվել:

 

Գիտաժողովի վերջին զեկուցողը Հայր Անդրանիկ Ծ. Վրդ. Կռանյանն էր, ով ներկայացրել է Մարտինի հայ կաթողիկե առաջնորդ Իգնատիոս Արք. Մալոյյանի կյանքը:

 

Լիբանանում կայացած այս գիտաժողովը մեծապես կարևորվում է դեռևս չհայտնաբերված և չուսումնասիրված արխիվային նյութերի առումով, քանզի հայ ժողովուրդն այսօր լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած որպես ազգ և պատասխանատու է իր պատմության վավերաթղթերի և արխիվային նյութերի համար:

 

Գիտաժողովը նաեւ ուղղակի եւ անուղղակի կոչ է երիտասարդ գիտնականներին եւ ուսումնասիրողներին՝ ավելի մեծ թափով լծվելու այս կարևոր աշխատանքին: