Ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի համար անհասկանալի է, որ կան մարդիկ, ովքեր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկերացնում են որպես ընդդիմության առաջնորդ: Փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը Հացպանյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը գոնե մեկ րոպե ընդդիմադիր գործիչ չի կարող լինել, քանի որ ընդհանրապես քաղաքական գործիչ էլ չէ: «Եվ ընդհանրապես, ես «Բարգավաճ Հայաստան» անունով կուսակցություն չգիտեմ: Այնտեղ չկա գաղափար, չկա մարդ, դա փուչիկ է: Այնտեղ ղեկավարը հասարակական կյանքի, քաղաքական դաշտի հետ կապ չունեցող մի մարդ է, և ինչպես կարելի է նման մարդուն դիտարկել որպես ընդդիմության առաջնորդ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Հացպանյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած նախագիծն է, և շատերի համար պարզ է, որ դրա հետևում կանգնած է հենց Ռոբերտ Քոչարյանը: «Իսկ տվյալ դեպքում որոշ ուժեր Գագիկ Ծառուկյանին կարողացան օգտագործել, փչացնել և դուրս հանել համակարգից»,- նշեց նա:

 

Ազատամարտիկի համար անհասկանալի է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքը, ով միշտ խստորեն քննադատել է Գագիկ Ծառուկյանին, մեղադրելով նրան տարբեր հանցագործությունների մեջ, իսկ հետո սկսել էր Գագիկ Ծառուկյանի հետ ընդդիմություն խաղալ: