Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը եզրափակել է այցը տարածաշրջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եզրափակել են այցը տարածաշրջան»,- գրել է նա:

 

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հերթական այցը տարածաշրջան մեկնարկել էր փետրվարի 16-ին, երբ վերջիններս այցելել էին Ադրբեջան և հանդիպել էին երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հաջորդ օրը Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը ժամանել էր Երևան: Այստեղ համանախագահները հանդիպել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Համանախագահները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները, քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում առկա մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր:

 

Փետրվարի 18-ին համանախագահները մեկնել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ նրանց ընդունել էր նախագահ Բակո Սահակյանը: Վերջինս նշել էր, որ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ստացել են նոր, շատ ավելի բացասական որակ և դրսևորումներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին և տարածաշրջանում կայունության պահպանմանը՝ հավելելով, որ նման քաղաքականությունը որևէ ձևով չի կարող ազդել Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ պետություն կերտելու և նրա անվտանգությունը հետևողականորն ամրապնդելու կամքի ու վճռականության վրա:

 

Արցախյան այցից հետո համանախագահները կրկին վերադարձել էին Հայաստան' հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

 

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած հիմնական պատահարները, լարվածության կտրուկ աճը պայմանավորող հնարավոր գործոների մասին իր տեսակետները: Կողմերը մտահոգություն են հայտնել վ երջին ամիսներին հակամարտող ուժերի միջև շփման գծում իրավիճակի թեժացման կապակցությամբ: