«Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև խորհրդարան». Հացպանյանը իշխանությունների հետ մեղադրում է ՀԱԿ-ին
Հայաստանում այսօր արտագաղթող յուրաքանչյուր հայի համար ընդդիմությունը՝ հանձինս «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի, ունի այնքան մեղքի բաժին, որքան գործող իշխանությունները, համոզված է ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը։
«Այս ամենը, ինչ-որ չստացվեց, ՀԱԿ-ի մեղավորությունն է։ Բոլոր գործիքները կային խաղաղ՝ ոչ թե արյան կոչով, այլ հանգիստ, սահմանադրական եղանակով իշխանություն փոխելու, որովհետև ժողովրդի մեծամասնությունը նրա կողքին էր։ Մինչդեռ այդ ժողովրդին այնքա ՜ն տարան-բերին, թե մենք ձեզ կասենք, երբ կգաք։ Քո ստրո ՜ւկն է, ի ՜նչն է, որ պիտի ասես գնա տունը նստի, ես քեզ կկանչեմ։ Արդյուքնում տեսանք, թե ինչ եղավ՝ «Պայքա՛ր, պայքա՛ր, մինչև խորհրդարան»։ Մի քանի հոգի խորհրդարան մտան, և չես հասկանում ինչու, իսկ ժողովուրդը հուսահատվեց, արդյունքն էլ սա եղավ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Նախկին քաղբանտարկյալը նշեց, որ եթե ժողովուրդը չլիներ, ինքը ՀԱԿ-ին այդքան չէր մեղադրի։ «Ես չեմ տեսել աշխարհում որևէ երկիր, որևէ ազգ, որ ունենա նման սքանչելի որակներ դրսևորող ժողովուրդ, ոնց որ հայ ժողովուրդն է։ Բա՞ դու 5 տարի անընդմեջ լինես ընդդիմության կողքին ու ընդդիմությունն այսքան անբաշար դուրս գա՞։ Ես նման բան չեմ տեսել»,-ասաց նա և նշեց, որ ՀԱԿ-ի վերնախավում գտնվող մի քանի մարդու՝ ժողովրդի նկատմամբ եղած անարգանքն է այս ամենի պատճառը։
«Անարգանք ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ։ Ժողովուրդը քեզ վստահում է, իսկ դու ժողովրդին չես վստահում։ Հետո էլ գցում ես ժողովրդի վրա քո ձախողումները, թե 5000 դրամով ծախսվում է։ Ո՞վ ասաց, էդ էն ժողովուրդը չէ՞ր, որ մինուս 20 աստիճանին իրա երեխաներով, տատիկներով, Տավուշից, Մեղրիից չգիտեմ էլ որ գյուղից ոտի կանգնեց իրենց տված քվեն պաշտպանելու, բացի այդ ժողովուրդը զոհ տվեց և ոչ թե ՀԱԿ-ը»,-բորբոքված շարունակեց նա։
Այսօր Հացպանյանը չի կարծում, թե իշխանության քաղաքական կամքի վրա պետք է հույս կապել, թեև համոզված է, որ ժողովրդին ոտքի կանգնեցնելը ամիսների խնդիր է, ոչ թե տարիների։
«Սերժ Սարգսյանը, եթե կամք ունենար, 5 տարի արյան վրա աթոռը չէր զբաղեցնի։ Ես Սարգսյանին 91թ-ից ճանաչում եմ։ Նա Արցախում մեր ինքնապաշտպանական ուժերի հրամանատար էր և անձամբ լավ գիտեմ նրա թերություններն ու առավելությունները։ Համոզված եմ, որ անձը չպետք է փոխվի, այլ համակարգը, իսկ Սարգսյանի մոտ գոնե 1%-ի ցանկություն չկա, իսկ եթե նույնիսկ նա ցանկանա, երևի մի քանի ժամվա մեջ նրան կհանեն մեջտեղից։ Դա վտանգավոր կլինի իր համար, որ գնա այդ քայլին և իր թիմում գտնվող այդքան գող ու ավազակի հանի»,-նշեց նա։
Այդուհանդերձ, Սարգիս Հացպանյանը լուծում տեսնում է, սակայն ոչ թե ի դեմս առաջնորդի, այլ մի քանի ընդդիմադիրներ գործիչների։ «Այս ժողովուրդը ինձ թվում է իր ծոցից պետք է հանի մարդկանց և ոչ թե մեկ մարդու։ 88-ին էլ շարժման գլուխ կանգնած Ղարաբաղ կոմիտեում 11 հոգի կար և ժողովուդրը նրանց հետևից էր գնում։ Արդյունքում Սովետական Միությունը փլուզվեց։ Բեռլինի պատը Երևանից է փլուզվել, դուք դա հասկանո՞ւմ եք, գերմանացին, լիտվացին ազատություն են ձեռք բերել հայ ժողովրդի պայքարի շնորհիվ»,- նշեց նա։
Նախկին քաղբանտարկյանը զարմանում է, թե ինչպես կարելի է ժողովրդին, որը ցույց է տվել, որ կարող է անկախություն ունենալ, բանակ ստեղծել, Արցախում հաղթել, նույն հիմարացնել այսօր՝ ասելով առաջնորդ չկա։
«Ինչ ա՞ էս ժողովուրդը ոչխարի հոտ ա ինչ ա՞, որ առջևից մի հովիվ գնա դուդուկը ձեռքը, կողքն էլ մի շուն կապած։ Ո՛չ, այդպես չի, հայ ազգը շատ կարգին ազգ է, և ինչպես Տերյանն է ասում, մի՛ խառնեք մեզ, ձեր վայրի արջի ցեղերին։ Մենք իրոք տարբերվում ենք մնացած ազգերից, ուղղակի մեզ բերեցին նման անորակության»,- նշեց նա։
Նա հավատացած է, որ այդպիսի անհատներ շատ կան։ «Ես անձամբ այդպիսի անհատների շատ եմ ճանաչում, որոնց թիվն այս 5 տարիներին ավելացավ, իսկ թե երբ կկազմակերպվեն, չգիտեմ, բայց կուզեի, որ բոլորի շահերը ներկայացնող խումբ կկազմավորվի, Ղարաբաղ կոմիտեի նման մի կոմիտե, որ ասի, այլևս այսպես հնարավոր չի լինի»,- ասաց նա։
Սարգիս Հացպանյանը, թեև նշեց, որ փետրվարի 18-ի ընտրությունները չընտրություններ են, բայց ասաց, որ ինքն, անպայման, կմասնակցի այդ չընտրություններին։
«Անշուշտ պետք է մասնակցեմ, քանի որ սա առաջին անգամ է, որ ես որպես ՀՀ լիիրավ քաղաքացի իրավունքն ունեմ գնալ ընտրատեղամաս, բայց ես, որ գնամ այդտեղ, ինքս իմ խղճի ձայնը լսելով կքվեարկեմ։ Եթե հարցնում եք՝ կա՞ իմ նախատեսված թեկնածուն, կասեմ, որ չկա և չի էլ կարող լինել»,- եզրափակեց նա։
Նշենք, որ Սարգիս Հացպանյանը երկար տարիների պայքարելուց հետո բոլորովին վերջերս է ստացել ՀՀ քաղաքացիություն։