Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հարցապնդում է ներկայացրել «Մինչ այժմ քանի՞ մարդ է ձերբակալվել նախագահ Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ» բովանդակությամբ: Հարցապնդումը նա ներկայացրել է վերջին օրերին «նախագահին վիրավորելու» պնդումներով քրդական «Ազատություն եւ համերաշխություն» (ՃDP) կուսակցության անդամների կալանվելու առնչությամբ:

 

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Bianet լրատվական կայքը: Bianet-ը նշում է, որ նման հիմնավորումներով մարդկանց ձերբակալությունները Թուրքիայում ամեն օր ավելանում են: Պատգամավորն ասել է, որ մինչ այսօր մեծ թվով մարդիկ արդեն կանչվել են ոստիկանություն եւ դատախազություն հարցաքննության, որոնցից 10-ը ձերբակալվել են, 5-ը' կալանվել, իսկ երեք մարդ էլ արդեն գտնվում են բանտում:

 

Նշելով, որ քննադատության նկատմամբ անհանդուրժողականությունը երկիրը տանում է վտանգավոր արկածախնդրության, եւ որ այդ ձերբակալությունները Թուրքիայում իրավունքի ու ժողովրդավարության երեւակայական լինելու ցուցանիշն են, պատգամավորն ասել է. «Անցյալում զինվորականության ճթքակոշիկի տակ ճնշվող ընդդիմադիրներն այսօր շնչահեղձ են լինում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեգեմոնիայի տակ»: