Ի՞նչ դեր է ունեցել Գերմանական կայսրությունը Հայոց ցեղասպանության ծրագրման և իրագործման հարցում: Այս հարցի վերաբերյալ փետրվարի 20-ին ARD-ի (Գերմանիայի առաջին ալիք) Ստամբուլի թղթակից Ռայնհարդ Բաումգարթենը մոտ 6 րոպեանոց հաղորդում է եթեր հեռարձակել «Tagesschau» (ARD-ի առաջին լրատվական թողարկում) ծրագրով:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հեղինակը ներկայացնում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հայ քրիստոնյաներ են զոհվել: Գերմանական ու Օսմանյան կայսրությունները հայերի ցեղասպանության ժամանակ դաշնակիցներ էին: Նրանք զինակիցներ էին, երբ Արևելյան Անատոլիայում հարյուր հազարավոր հայ քրիստոնաներ էին մեռնում: Հարց է առաջադրվում՝ ի՞նչ գիտեր գերմանացի դաշնակիցը զանգվածային սպանդի, ոճրի մասին: «Շատ բաներ»,- համոզված է հեղինակ, լրագրող Յուրգեն Գոթշլիխը՝ մեկնաբանելով, որ Բեռլինի համար սեփական պատերազմական նպատակները, սակայն, ավելի կարևոր էին:

 

 

Հաղորդման հեղինակը եզրակացնում է, որ օսմանյան կառավարության վրա գերմանական ազդեցությունը մեծ էր. օսմանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետը գեներալ Ֆրիդրիխ Բրոնգարթ ֆոն Շելենդորֆն էր, թուրքական զորքի օպերացիոն ղեկավարը Օթո ֆոն Ֆելդմանն էր, իսկ ծովային ուժերի գերմանացի կցորդ Հանս Հումանը ջերմ ընկերական կապեր ուներ տեղահանումների աջակից, պատերազմի նախարար Էնվեր փաշայի հետ:

 

 

Հայերի սպանդը՝ «դաժան, սակայն՝ օգտակար»

 

 

Յուրգեն Գոթշլիխը Ֆրայբուրգի գերմանական ռազմական արխիվի մի փաստաթղթում գտել է այսպիսի ձեռագիր գրառում. «քրիստոնյա հայերի զանգվածային սպանդը դաժան էր, սակայն՝ օգտակար»: «Tageszeitung» օրաթերթի Թուրքիայի 60-ամյա թղթակիցը հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում ծառայության անցած գերմանացի դիվանագետների և զինվորականների անթիվ նամակներ, փաստաթղթեր և հեռագրեր է տեսել հիշյալ արխիվում:

 

 

«Գերմանիան մասնակցել է տեղահանումների ծրագրմանը»,-համոզված է լրագրողը, ով այն կարծիքին է, որ վճռական պահին գերմանացիները կարող էին թուրք իշխանություններին ասել՝ դադարեցրե՛ք: «Նրանք, սակայն, դա չարեցին, քանզի վախենում էին վնասել սեփական պատերազմական նպատակները»:

 

 

 

Ցեղասպանությու՞ն, թե՞ տեղահանում

 

 

 

ARD-ի թղթակիցը ներկայացնում է, որ Թուրքիան մինչ օրս վճռականորեն հերքում է Ցեղասպանության մեղադրանքը՝ եղելությունը համարելով իբրև Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք, երբ «զոհվեցին հայեր և մահմեդականներ...»: Թուրք հրապարակախոս Այդին Էնգինը հակադարձում է այս պնդմանը՝ համոզմամբ, որ այն իսկական պլանավորված դիտավորություն էր: Նա հաղորդման ընթացքում մեկնաբանում է, որ ծրագրի էությունը հայերին ամբողջությամբ ոչնչացնելը չէր, այլ նրանց, առանց բացառության, իրենց հայրենի բնակավայրերից հեռացնելն էր. «Ես չեմ հավատում, որ ծրագիր կար տեղահանման ճանապարհին սպանելու հայերին:

 

 

Ամեն դեպքում, սրա վերաբերյալ փաստաթղթեր չկան... Այն ամենը, ինչ ուզում էին, այն էր, որ նրանք լքեն Անատոլիան: Սա էր նպատակը»:

 

 

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը հավատացած է, որ այս քաղաքականությունը դեռ պատերազմից առաջ էր ծրագրվել. «Սա ցեղասպանության քաղաքականություն չէր, սա քրիստոնյաների ամբողջովին բնաջնջման քաղաքականություն չէր: Սա միջոցներ և ուղիներ գտնելու քաղաքականություն էր՝ ազատվելու Անատոլիայի քրիստոնյաներից: Հույների դեպքում այն հեշտ էր: Դա երկիր է, դու մտցնում ես նրանց նավերը և ուղարկում Հունաստան»: Հեղինակը նաև թվային փաստեր է ներկայացնում նախապատերազմական շրջանի Անատոլի այի բնակչության քրիստոնյա զանգվածի մասին՝ 25-30 տոկոս, այսինքն՝ 4-5 միլիոն մարդ:

 

 

 

Քրիստոնյաները՝ Օսմանյան կայսրության «ուռուցք»

 

 

 

Աքչամը մեկնաբանում է, որ Անատոլիայի քրիստոնյաները դիտարկվում էին իբրև հավանական վտանգ, որին պետք էր վճռականորեն դեմ գնալ. «Ի սկզբանե այնպես էր, որ հայերը պետք է վտարվեին Ռուսաստան: Ռուսաստանը, սակայն, հակառակորդ էր, և օսմանյան ռազմական առաջնորդները մտավախություն ունեին, որ հայերը կմիանան ռուսական բանակին»: Ըստ պատմաբանի, թուրքերն օգտագործում էին «ներքին ուռուցք» տերմինը. կարծես թե մի բացիլ կար մարմնում, որը պետք է հեռացվեր:

 

 

 

Բեռլինը տեղեկացված էր

 

 

 

Գոթշլիխը պատմում է, որ գերմանացիները լիովին տեղյակ էին հայերի սպանդի մասին: Ավելին, Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան Հանս Ֆրայհեր ֆոն Վանգենհայմը օսմանյան տարբեր քաղաքներից զգուշացումներ, բողոքի նոտաներ և հեռագրեր էր ստացել: Դիվանագետը 1915թ. հուլիսին բառացիորեն գրել է. «Պետք է ելնել նրանից, որ այն, ինչն այնտեղ կատարվում է, ուղղված է հայկական ռասայի ոչնչացմանը»: Բեռլինը չարձագանքեց. Գերմանիայի իշխանությունները վախենում էին կորցնել դաշնակցին:

 

 

Գոթշլիխը պատմում է, որ Վանգենհայմին հաջորդած դեսպան Պաուլ Գրաֆ Մեթերնիխն առաջարկեց օսմանյան իշխանություններին սպառնալ պատժամիջոցներով, եթե նրանք չդադարեցնեն սպանդը: ԱԳ նախարար Գոթլիբ ֆոն Յագովը դեմ չէր դրան, ինչին, սակայն, կանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման Հոլվեգը կտրականապես դեմ արտահայտվեց. «Մետերնիխը տարբերվում էր Վանգենհայմից:

 

 

Նա փաստացի փորձեց դադարեցնել Ցեղասպանությունը»: Գոթշլիխն իր «Նպաստ ցեղասպանությանը» գրքում եզրակացնում է, որ Գերմանիան ուներ քաղաքական կշիռ, ինչպես նաև տնտեսական և ռազմա կան լծակներ՝ դադարեցնելու հայերի զանգվածային մահը: