Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը շարունակելու է Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձի դրվագով քրեական գործ հարուցելուն ուղղված քայլերը: «Ես այնքան էլ գոհ չեմ նախաքննական մարմնի պատասխանից, քանի որ ի սկզբանե նշել էի, որ Ավետիսյանների սպանության գործի շրջանակներում Պերմյակովի կողմից Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով որոշակի գործողություններ հնարավոր է կատարել, սակայն վերը նշված քրեական գործով դրանք ինչ-որ տեղ երկրորդական են: Իսկ եթե հարուցվի քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով, ապա պետք է անպայման իրականացվեն սահմանը հատելու փորձի դրվագով անմիջական պարզման ենթակա համապատասխան գործողություններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում' նշեց նա և հավելեց, որ ներկա պահին ինքը համապատախան գործողություններ է իրականացնում և հավանական է, որ երկու օրից նոր միջնորդություններ կներկայացնի ՀՀ քննչական կոմիտե:
Ավելի վաղ' Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը Պերմյակովի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որին ի պատասխան նախաքննական մարմինը գրավոր պատասխանել էր, որ Պերմյակովի կողմից Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով սպանության գործի քննության շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական, կկայացվի քրեական հետապնդում հարուցելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում: