Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթահանդեսի նոր, խմբագրության շենքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո երկրորդ համարի հրապարակումը Ֆրանսիայում չի հարուցել այն իրարանցումը, որն ուղեկցել է նախորդ թողարկմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, թերթերի կրպակները բացվելուց մեկ ժամ անց հրատարակության օրինակները նախկինի պես դրված են վաճառասեղաններին, իսկ գնորդները հերթ չեն կանգնում հանդեսի համար:
Ահաբեկչական գործողությունից հետո առաջին թողարկումը, որն ստացել էր «ողջ մնացածների համար» անվանումը, լույս է տեսել հունվարի 14-ին: Նախապես պլանավորվել էր, որ դրա տպաքանակը կկազմի մեկ միլիոն օրինակ, սակայն հրատարակության շուրջն առաջացած իրարանցումը նպաստեց, որ ի վերջո տպագրվեց շուրջ 8 միլիոն համար:
Երկրորդ թողարկման տպաքանակը մի քանի անգամ գերազանցում է հրատարակության համար սովորական 60 հազար տպաքանակը և կազմում է 2,5 միլիոն օրինակ: Այս համարի շապիկը կատարված է կարմիր ֆոնի վրա սև և սպիակ գույներով: Դրա վրա, բացի այլ բաներից, պատկերված են «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, Հռոմի պապը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Ֆրանսիայի BFMTV նորությունների հեռուստաալիքի խցիկն ու միկրոֆոնը և սև շուն, որն ատամներով Կալաշնիկով ինքնաձիգ է բռնել:
Charlie Hebdo-ի վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 7-ին: Երկու չարագործներ ներխուժել են խմբագրատուն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Ավելի ուշ տեղի են ունեցել մի շարք այլ հարձակումներ, երեք օրում զոհվել է 17 մարդ: Հրատարակության վրա գրոհի մեջ կասկածյալներ են հայտարարվել երկու տղամարդ՝ Շերիֆ և Սայիդ Քուաշի եղբայրները: Հատուկ գործողության ընթացքում նրանք ոչնչացվել են: