Հայաստանի ներքաղաքական զարգացումները որևէ կերպ չեն կարող ազդել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա: Տեսակետը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Զաքարյանինն է:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ փետրվարի 25-ին «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» գիտաժողովի ժամանակ պատասխանելով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հարցին, թե Հայաստանի ներքաղաքական զարգացումներն արդյոք չե՞ն ազդում ԵՄ հետ հարաբերությունների հեռանկարի վրա, Զաքարյանն ասաց.

 

 

«Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները միայն ներքաղաքական զարգացումներ են, որոնց արդյունքում Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը և ծրագրերը չեն փոխվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում: Ապագայում ինչպիսին էլ լինեն ներքաղաքական զարգացումները, որևէ ձևով չեն կարող ազդել այդ հարաբերությունների վրա: Իսկ եթե փորձենք այդ զարգացումների ազդեցության գնահատականը տալ, ապա այն միայն դրական ազդեցություն կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա»,- ասաց պատգամավորը: