«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Անդրանիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին և երրորդ կետերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը:

 

 

«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014 թվականի ապրիլին «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով ծանոթանալով Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի բնակչուհի Սաթենիկ Մերուժանի Սեյրանյանի հետ, և նրանից մեկ միասնական դիտավորությամբ խոշոր չափերի՝ 700.000 ՀՀ դրամ գումար շորթելու դիտավորությամբ 2014թ. մայիսի 15-ին զանգահարել է վերջինիս և նրա մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու համար պահանջել է 300.000 ՀՀ դրամ գումար:

 

 

Դրանից հետո՝ Ստելլա Հովակիմյանի միջոցով Սաթենիկ Սեյրանյանից դատապարտյալը ստացել է 20.000 ՀՀ դրամ գումար: Սակայն մի որոշ ժամանակ անց Անդրանիկ Խաչատրյանը կրկին հեռախոսով զանգահարել է Սաթենիկ Սեյրանյանին և վերը նշված սպառնալիքը հիշեցնելով՝ պահանջել է 400.000 ՀՀ դրամ գումար: