Հայի բարոյական կերպարն առավել բարձր է, քան շատ եվրոպական ազգերի արժեհամակարգը: Հենց այս գաղափարն է արծարծվում Արա Երնջակյանի նոր՝ «Ժաննա» ֆիլմում: Ռեժիսորը փետրվարի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում հանրությանը ներկայացրեց իր նոր կինոկատակերգությունը: Ֆիլմի պրեմիերայի մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, կինոսերներ:
Ռեժիսոր Արա Երնջակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թվում է, թե ֆիլմը հայտնի Ժաննա դ՛Արկի մասին է: «Պատմությանն առաջին հայացքից ծանոթ եք՝ այն է, թե ինչպես 600 տարի առաջ Ժաննան ազատագրեց Օռլեանը, իսկ նրան հետո այրեցին:
Իրականում ֆիլմը մեր մասին է, և համոզված եմ՝ հայ կինոյի առաջին շովինիստական կինոնկարն է, որտեղ բացեիբաց ասվում է այն մասին, թե ինչպես հայն իր մարդկային արժեքներով շատ ավելի բարձր է կանգնած, քան անգլիացին կամ ֆրանսիացին: Այս ֆիլմը յուրահատուկ գովազդ է' հայ տղամարդու գովազդն է: Դրա կարիքը վաղnւց էր հասունացել. ֆեմինիստական շարժումները բերեցին նրան, որ հայ տղամարդը սկսեց վերանալ: Մենք կհասնենք նրան, որ հայ տղամարդիկ դինոզավրի նման կվերանան, ինչն իսկապես սպառնալիք է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արա Երնջակյանը:
Ֆիլմում հանդես են գալիս կամերային թատրոնի դերասանները: Կինոնկարում անդրադարձ է կատարվում ղարաբաղյան հիմնախնդրին, Եվրախորհրդին անդամակցությանը, «Դեմ եմ» շարժմանը և լենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչին, ոմն քաղաքական գործչի (Միկոյանի) արձանը տեղադրել-չտեղադրելուն և այն բարքերին, որոնք այժմ տիրում են Եվրոպայում, որտեղ շատ են համասեռամոլները: Ըստ ֆիլմի՝ իսկական տղամարդիկ չեն մնացել, և միայն հայն է, որ մինչև վերջ հավատարիմ է մնում իր բարոյական կերպարին:
Դերասան Ռաֆայել Երանոսյանի համոզմամբ՝ ֆիլմում առկա է շատ ճիշտ հումոր, ճիշտ կերպարներ, այն ճիշտ է նկարահանված, և հանդիսատեսին մտածելու տեղիք կտա:
Կինոնկարն արտադրել է «Երկաթ Փրոդաքշն»ը: Դերերում հանդես են գալիս Անի Գրիգորյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Սենիկ Բարսեղյանը: Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն Արա Երնջակյանն է, կոմպոզիտորը՝ Վահե Գրիգորյանը: