Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն առաջին անգամ այցով ժամանել է Չինաստան՝ դառնալով բրիտանական թագավորական ընտանիքի առաջին բարձրաստիճան անդամը, ով վերջին երեք տասնամյակի ընթացքում այցելել է այդ երկիր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Արքայազն Ուիլյամը մարտի 1-ի ուշ երեկոյան Պեկին է ժամանել Ճապոնիայից, որտեղ գտնվում էր այցով, եւ այստեղ կգտնվի մինչեւ մարտի 4-ը: Այդ ընթացքում նա կայցելի Շանհայ եւ Յուննան հարավարեւմտյան նահանգ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, արքայազնի կինը չի կարողացել ուղեկցել Ուիլյամին, քանի որ հղիության վերջին ամիսներում է. ապրիլին ամուսինները պետք է ունենան երկրորդ երեխան: Արքայազն Ուիլյամը, ինչպես սպասվում է, կհանդիպի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ Կոմունիստական կուսակցության այլ ղեկավարների հետ:
Սպասվում է, որ մարտի 2-ին բրիտանացի արքայազնը Շանհայում կմասնակցի Կրեատիվության մեծ փառատոնի բացմանը, որը կընթանա մարտի 2-ից մինչեւ 4-ը: Փառատոնը բրիտանական իմիջային մեծ արշավի բաղկացուցիչ մասն է, որի ընթացքում բրիտանական 500 առաջատար ընկերություններ չինական բիզնես-հանրությանը կցուցադրեն իրենց լավագույն ինովացիոն ձեռքբերումները