Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է անվերջ գովազդած Բաքվում նոր երկաթուղային կայարան կառուցելու, անգամ ' հինը վերանորոգելու նախագծերից: Որպես պատճառ նշվում է տնտեսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանի պետական բյուջեում առաջացած ճեղքվածքը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' նշելով, որ երկրի կառավարությունը հրաժարվել է Բաքվի Բիլաջար ավանում նոր երկաթուղային կայարանի շինարարությունից' դրա ծախսատար լինելու պատճառով:

 

Ադրբեջանի չինովնիկներն ավելի վաղ հայտարարել էին, որ Բիլաջարի երկաթուղային կայարանի' արվարձան տեղափոխումը թույլ կտա մեծ տարածք ազատել Բաքվի կենտրոնում:

 

Նավթի համաշխարհային գների գրեթե երկու անգամ էժանանալու, Ադրբեջանի ազգային արժույթի' 34 տոկոսով արժեզրկվելու հետ կապված' այդ երկրում տնտեսական ճգնաժամ է սկսվել: Ադրբեջանի կառավարությունը կրճատել է բյուջեով նախատեսված բազմաթիվ նախագծերի իրագործումը: Երկրում, ինչպես նավթարդյունաբերության, այնպես էլ պետական հատվածում, զանգվածային կրճատումներ են կատարվում:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն մոտ 40 դոլարով ցածր է: