Թուրքիայի Քոնիայի նահանգում անցկացվող թուրք-ադրբեջանական օդուժերի «Թուրազ արծիվ 2015» համատեղ զինավարժանքների ժամանակ այսօր ռազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել եւ կործանվել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

Զինավարժանքներին մասնակցող թուրքական օդուժի F-4E 2020 ռազմական ինքնաթիռն ընկել է Քոնիա-Աքսարայ մայրուղու 22-րդ կիլոմետրի վրա գտնվող Օրթաքոնաք ավանի մոտակայքում: Նշվում է, որ ինքնաթիռի երկու օդաչուն էլ զոհվել են: Ինքնաթիռի կործանվելու պատճառը դեռեւս հայտնի չէ:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Քոնիայում անցկացվող Թուրքիայի եւ Ադրբեջանի օդուժերի համատեղ զինավարժանքներին, որոնք սկսվել են մարտի 3-ին եւ պետք է շարունակվեն մինչեւ ապրիլի 2-ը, մասնակցում են ՄԻԳ-29 եւ F-16 կործանիչներ' չնշելով, թե որ երկրից քանի ինքնաթիռ են ներգրավված այդ վարժանքներում: