Այն, որ մինչ այժմ հայաստանցի տարբեր գործիչներ բարձրաձայնում էին, թե Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար' կամուրջ դառնալու Եվրոպական և Եվրասիական մայրցամաքների միջև, սկսում է «միս ու արյուն» ստանալ:

 

 

Պետական աջակցությամբ և մասնավոր հատվածի ներդրումներով գործող BPA (Business partners of Armenia) ընկերությունը սկսում է լայնածավալ գործունեություն ծավալել մեր երկրի համար նոր աշխարհաքաղաքական միջավայրում' ԵՏՄ-ում, այդ թվում նաև արևմտյան երկրներից ներդրումներն ավելացնելու հույսով: Ընկերության հիմնական նպատակն է լինելու օտարերկրյա ներդրողներին ցույց տալ այն հեռանկարները, որոնք բացվում են Հայաստանի համար' Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով:

 

 

«Մենք բացառիկ հնարավորություններ ունենք և այդ առավելություններն ու արտոնությունները պետք է ճիշտ ներկայացնենք, որ ցանկացած օտարերկրյա գործարար կարողանա ավելի հստակ տեսնել և շոշափել մեր երկրի հնարավորությունները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը:

 

 

Իբրև առաջին քայլ՝ ընկերությունը կսկսի իրագործել «Ինվեստ Արմենիա» ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում բիզնես և ներդրումային միջավայրերի բարելավմանը: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն ամենամյա բիզնես-ֆորումներ և բիզնես-էքսպոներ: Բիզնես-ֆորումների ժամանակ կլինի նաև հայկական արտադրանքների թեմատիկ համտես-ցուցահանդես:

 

 

Առաջին բիզնես-ֆորումը կլինի մայիսին, որտեղ արդեն կլինի հայկական գինու, կոնյակի և ջրերի համտես: Առաջին բիզնես-էքսպոն նախատեսված է սեպտեմբերի վերջին:

 

 

Այս բիզնես-էքսպոյի առանձնահատկությունն այն է լինելու, որ ներկայացված են լինելու ոչ միայն մեծ հաջողությունների հասած, միջազգային լուրջ գործընկերների հետ աշխատելու պատրաստ ընկերություններ, այլ նաև այնպիսիք, որոնք պատրաստ են նաև իրենց բիզնեսն ամբողջությամբ կամ մասամբ վաճառել: Դրան հրավիրվելու են նաև միջազգային առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, նրանց առանձին տաղավարներ կտրամադրվեն, որպեսզի հայ գործարարները՝ հիմնականում արտադրողները, արդեն տեղում' մեր երկրում, հնարավորություններ ունենան կապեր հաստատել ու հետագայում այդ ցանցերի միջոցով արտահանել սեփական արտադրանքը:

 

 

Մինչ այժմ նման պրակտիկա չի եղել: Գործարարները հիմնականում սեփական կապերի, սեփական միջոցները ծախսելով միջազգային ցուցահանդեսներին մասնակցելով' փորձել են կապեր հաստատել: Սակայն միշտ չէ, որ հաջողում են միջազգային առևտրային ցանցերի մասնագետների հետ հանդիպել-համագործակցել: Որպես օտարերկրյա ներդրումների ինդիկատոր՝ միջոցառումներին հատուկ տաղավարներում ներկայացված կլինեն մեր երկրում գործող առևտրաարդյունաբերական միջազգային կառույցները, որոնք կներկայացնեն իրենց երկրներից Հայաստանում ներդրումներ արած և գործող ընկերությունների ցանկը:

 

 

«Սա կարևոր բաղադրիչ է, քանի որ, ասենք, եթե ֆրանսիացին գալիս է և տեսնում, որ ինչ-որ թվով ֆրանսիական ընկերություններ ներդրումներ են արել և հաջողության հասել' անկախ ասեկոսեներից, հուսադրիչ մի բան կտեսնի»,- ասաց մեր զրուցակիցը:

 

 

Հստակ վիճակագրական տվյալներ, թե Հայաստանում քանի օտարերկրյա կամ համատեղ ձեռնարկություն է գործում, չկան: Հայտնի է միայն, որ վերջին շրջանում այդ ոլորտում վիճակագրությունը մխիթարող չէ' շատերը փակվեցին:

 

 Մանրամասն` այստեղ: